Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստուգումներ է սկսել «Վիզամետրիկի» վերաբերյալ

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստուգումներ է սկսել պարզելու՝ արդյոք շենգենյան վիզաներ տրամադրելու նպատակով ռուս-թուրքական «Վիզամետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը։

Ապրիլի 3-ից Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի շենգենյան վիզաների դիմումները Հայաստանի քաղաքացիներից կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ ռուս-թուրքական կոնսորցիում հանդիսացող «Վիզամետրիկ» ընկերությունը՝ այս մասին հայտնել էր Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը մարտի 28-ին։

Շենգենյան վիզաների տրամադրման կարգում այս փոփոխությունը հարուցել էր հասարակության անհանգստությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Վիզամետրիկ» ընկերությունը նաև թուրքական ծագում ունի և ըստ էության Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող պետությանը հասանելի են դառնալու դեսպանատուն դիմած հայաստանցիների անձնական տվյալները։

Արդարադատության նախարարությունից միայն տեղեկացնում են, որ Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ կանխելու համար ընկերության կողմից անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները։ Այս պահի դրությամբ գերատեսչությունից այլ տեղեկություն չեն հայտնում՝ խոստանալով արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկացնել հանրությանը:

Մինչդեռ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին ղեկավար Շուշան Դոդոյանը վստահ է՝ «Վիզամետրիկի» աշխատանքը Հայաստանում հարուցում է առաջին հերթին քաղաքական, ապա նոր իրավական խնդիրներ։

«Քաղաքական առումով այդ ընկերությունը ներկայացնում է այնպիսի մի երկիր, որի հետ որևէ դիվանագիտական, տնտեսական հարաբերություններ չունի մեր երկիրը՝ սա արդեն լրջագույն խնդիր է, երկիր, որի հետ մենք գրեթե պատերազմական վիճակում ենք գտնվում, և այդ երկիրը ներկայացնող ընկերությունը մուտք է ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալներ», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին ղեկավարը:

Դոյդոյանը դրական է գնահատում այն, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է սկսել, սակայն լինելով դրա նախկին ղեկավարը՝ վստահ է՝ նախարարությունն ավելին կարող էր անել, օրինակ ժամանակավորապես կասեցնել անձնական տվյալների մշակումը «Վիզամետրիկի» կողմից։

«Հաշվի առնելով այս լայն մտահոգությունները, այս մտավախությունը, հաշվի առնելով մեր սպեցիֆիկ հանգամանքները, ես կարծում եմ, որ հնարավոր է որոշակի ժամանակով կասեցնել, մինչև վարչական վարույթի ավարտը», - կարծիք հայտնեց Շուշան Դոյդոյանը՝ շարունակելով․ - «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը շատ լայն լիազորություններով է օժտել լիազոր մարմնին՝ պահանջել կասեցնել, պահանջել փոփոխել, պահանջել ջնջել, ոչնչացնել բոլոր այն տվյալները, որոնք մինչ այդ հավաքվել են: Այսինքն, այդ բոլոր իրավական լծակները գործակալությունը ունի»:

Գերմանիայի դեսպանատնից «Ազատությունը» մեկնաբանության ստանալ չկարողացավ, քանի որ հյուպատոսությունն այսօր փակ էր։ Նշենք, միայն, որ դեսպան Քիսլերը դեռ մարտի 28-ին երաշխավորել էր, որ որևէ անձնական տվյալ արտաքին օգտագործողներին չի հասնելու և շեշտել էր՝ անձնական տվյալների պաշտպանությունը իրենց համար բարձր արժեք է։

Հայաստանցիների անձնական տվյալների գաղտնիության ապահովման երաշխիքների մասին խոսել չցանկացան նաև «Վիզամետրիկ» ընկերության հայաստանյան գրասենյակում։ Ընկերության մենեջեր Ելենա Չիկինան «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենք չեն ցանկանում մեկնաբանել բարձրացված հարցերը և խորհուրդ տվեցին հարցազրույցի համար պաշտոնապես դիմել դեսպանատուն, քանի որ իրենց աշխատանքը վերահսկող մարմինը հենց Գերմանիայի հյուպատոսությունն է։

Մինչդեռ «Վիզամետրիկի» հարցը մտահոգել է նաև խորհրդարանական հանրությանը։ Մասնավորապես՝ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հանձնաժողովի անունից գրավոր դիմել է Կառավարությանը՝ կապված ԵՄ մի շարք երկրների կողմից մուտքի արտոնագրերի տրամադրումը թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ։

«Վիզամետրիկի»՝ Հայաստանում աշխատելու փաստի առնչությամբ դեռ մեկնաբանություններ չեն անում նաև Արտաքին գործերի նախարարությունից։ Գերատեսչության խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ հարցին կանդրադառնան ավելի ուշ։