Կեմերովոյի բնակիչները հրշեջներին ու ոստիկաններին մեղադրում են անգործության մեջ

Կեմերովոյում զոհերի հարազատները պաշտոնական բողոքներ են ներկայացրել դատախազութուն՝ նշելով, որ հրշեջների և այլ անձանց կողմից ցուցաբերված «անգործությունը» նպաստել է զոհերի մեծ թվին:

«Նրանց կարծիքով, հրշեջների և ոստիկանության անգործության հետևանքով են մարդիկ մահացել, նրանք անհրաժեշտ սարքավորումների և հմտությունների պակաս են ունեցել», - նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով դատախազության խոսնակին։

Նա նաև հավելել է, որ մի քանի կեմերովցիներ բողոք են ներկայացրել արտակարգ իրավիճակների ծառայության և իրավապահների դեմ:

Կեմերովոյում մարտի 25-ին "Зимняя вишня" առևտրի և զվարճանքի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով, 64 մարդ է զոհվել, նրանց բոլորի մարմինները գտել են։

Կեմերովոյի բնակիչները, զոհվածների հարազատները իշխանությունների ներկայացրած տվյալներին չեն հավատում՝ նշելով, որ զոհերի թիվն ավելի մեծ է։ Նրանք դեպքի առթիվ անաչառ հետաքննություն են պահանջում։