Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարներից մեկը շփվել է ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի հետ

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Ռիկ Գեյթսը

2016 թվականի նախագահական ընտրություններից հաշված շաբաթներ առաջ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Ռիկ Գեյթսը պարբերաբար շփվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին մի աշխատակցի հետ:

Այս մասին ամերիկյան լրատվամիջոցներին հայտնի է դարձել մարտի 28-ին՝ այն բանից հետո երբ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի իշխանությունների միջև հնարավոր կապը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը համապատասխան մի շարք փաստաթղթեր է ուղարկել դատարան:

Դրանց համաձայն, Թրամփի ընտրարշավի առանցքային դերակատարներից մեկը հանդիսացող Գեյթսը նախագահական ընտրությունների քվեարկությանը նախորդող շաբաթներին` 2016-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներից մեկի հետ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել:

Մյուլերի ղեկավարած քննչական խմբի կողմից դատարան ուղարկված փաստաթղթերում Գեյթսի հետ շփումներ ունեցած անձի ինքնությունը չի գաղտնազերծվում: Այդ փաստաթղթերում նա հիշատակվում է որպես «Ա անհատ»:

The New York Times-ի տեղեկություններով, սակայն, այդ գաղտնի կոդավորման հետևում թաքնված է Ուկրաինայի քաղաքացի Կոնստանտին Կիլիմնիկը, ով, ի դեպ, դեռ 2000-ականների կեսերին աշխատում էր Ռիկ Գեյթսի և Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթի ղեկավարած ընկերությունում` լոբիստական գործունեություն ծավալելով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա «Ռեգիոնների կուսակցության» համար:

Ռոբերտ Մյուլերի կողմից դատարան ներկայացված փաստաթղթում նաև նշվում է, որ այդ «Ա անհատը», որի հետ շարունակական շփումներ է ունեցել Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալը, Ռուսաստանի ռազմական հետախուզության` Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) նախկին աշխատակից է եղել:

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում The Washington Post-ը և Associated Press-ը, դեռ անցած տարի էին տեղեկացրել, որ Կիլիմնիկը միջնորդի դեր էր կատարում Մանաֆորթի ղեկավարած ընկերության և ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի միջև: Լրատվամիջոցների տեղեկություններով, Մանաֆորթը Կիլիմնիկին ուղղված նամակում առաջարկել էր Դերիպասկայի համար տեղեկատվական նյութեր պատրաստել, որոնցում ռուսաստանցի միլիարդատիրոջը մանրամասներ կներկայացվեին ամերիկյան ընտրարշավի ընթացքի մասին:

Մյուլերի կողմից դատարան ներկաայացված փաստաթղթերին կցված են նաև Skadden Arps ընկերության նախկին փաստաբան Ալեքս վան դեր Սվանի ցուցմունքները, որոնցում նա պնդում է, թե Թրամփի օգտին աշխատող քաղտեխնոլոգների և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև կապի մասին ինքն իմացել է անձամբ Ռիկ Գեյթսից:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Գեյթսի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ առնչություններ ունեցող անձի կապը հաստատող այս փաստական տեղեկությունները կարող են շրջադարձային դառնալ Մյուլերի ղեկավարած ողջ հետաքննության ընթացքում:

Բանն այն է, որ քննչական մարմիններին մինչ օրս չէր հաջողվում որևէ էական փաստ ներկայացնել,որ կապացուցեր Դոնալդ Թրափի նախընտրական շտաբի ղեկավարների կապը Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ: Ռիկ Գեյթսին, օրինակ, մեղադրում էին միայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին կեղծ ցուցմունքներ տալու և խարդախության մեջ: Մոտ մեկ ամիս առաջ Գեյթսն ընդունեց իրեն ներկայացված մեղադրանքները` պարտավորվելով համակողմանիորեն համագործակցել Ռոբերտ Մյուլերի ղեկավարած քննչական խմբի հետ:

Առավել ծանր մեղադրանքներ են առաջադրվել Գեյթսի երբեմնի վերադասին` Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին: Հատուկ դատախազ Մյուլերի խումբը պնդում է, որ Մանաֆորթը մի շարք ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել` առնվազն 30 միլիոն դոլարի լվացում, ինչպես նաև Վիկտոր Յանուկովիչի համար աշխատանքի ընթացքում չի հետևել ամերիկյան օրենսդրության պահանջներին և չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ:

Երեկ կայացած դատական նիստի ընթացքում, սակայն, Մանաֆորթը հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: Մանաֆորթի գործով դատավարությունը մեկնարկելու է սեպտեմբերի 17-ին Վաշինգտոնում:

Ինչ վերաբերում է վերջին բացահայտումներին Դոնալդ Թրամփի վարչակազմի արձագանքին, ապա Սպիտակ տանը պնդում են, որ, չնայած մամուլում հայտնված տեղեկություններին, չեն քննարկում Փոլ Մանաֆորթին, Ռիկ Գեյթսին կամ էլ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական գեներալ Մայքլ Ֆլինին ներում շնորհելու հարցը:

Այս մասին անցած գիշեր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ Տան խոսնակ Սարա Սանդերսը: