Փոստանջյան․ Ինչու՞ են աղքատ երկրում պաշտոնաթող նախագահին տուն նվիրում

Արխիվ

Շուրջ 10 օր անց, երբ Սերժ Սարգսյանը կհեռանա նախագահի պաշտոնից, նրան պետության կողմից սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի: Այսօր նման որոշում է կայացվել կառավարության նիստում: Սարգսյանին որպես սեփականություն անհատույց կտրամադրվի այժմ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող «Կոնդի առանձնատների տնտեսության» հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մաս կազմող շենքը և շինությունները՝ սպասարկման 1,5 հեկտար տարածքով հանդերձ:

Օրենքի համաձայն՝ Սարգսյանին նաև կտրամադրվի անձնական հատուկ պետական պահպանություն, ինչպես նաև կնշանակվի շուրջ 1 միլիոն դրամ հատուկ կենսաթոշակ, ինչը չի վճարվի այն ժամանակահատվածում, երբ պաշտոնաթող նախագահը զբաղեցնի որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն, օրինակ՝ եթե դառնա վարչապետ: Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին օրենքը նաև սահմանում է, որ իր ցանկությամբ, մինչև 70 տարին լրանալը՝ պաշտոնաթող նախագահն ապահովվում է նաև կահավորված գրասենյակով, իսկ ավտոտրանսպորտը նրան տրամադրվում է ցմահ օգտագործման իրավունքով:

Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարում է՝ աղքատության ու արտագաղթի նման բարձր ցուցանիշների պայմաններում կարիքավոր քաղաքացիներին օգնելու փոխարեն Սերժ Սարգսյանին հանրային միջոցների հաշվին բնակարան նվիրելը անթույլատրելի է:

«Այս անձը, ով նաև կուտակել է միլիարդավոր դոլարների պետական պարտք, մեր հանրությանը գցել աղքատության մեջ, շուրջ 1 միլիոն մարդ Հայաստանում այսօր աղքատ է, բազմաթիվ քաղաքացիներ լքել են Հայաստանը, այս պարագայում խոսել ինչ-որ սիմվոլների և պարգևների մասին, այն էլ հանրային միջոցների հաշվին, բացարձակ անթույլատրելի է: Սա բռնապետին բնորոշ որոշում է, այդ որոշումը կայացվել է հենց իր ցանկության ներքո»,- ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը:

Երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելիս՝ 2013-ին, Սարգսյանը հայտարարագրել էր մեկ բնակարան ու MITSUBISHI MONTERO տեսակի ավտոմեքենա: Նախորդ տարվա՝ օրեր առաջ ներկայացված հայտարարագրի համաձայն էլ՝ Սարգսյանը որևէ նոր շարժական կամ անշարժ գույք չի գնել կամ վաճառել: Նախագահական երկու ժամկետներից հետո Սարգսյանը չունի (չի հայտարարագրել) նաև որևէ թանկարժեք իր կամ գույք: Պաշտոնական հայտարարագիրը միայն փաստում է, որ նախորդ տարում Սարգսյանն ունեցել է շուրջ 26 միլիոն դրամի եկամուտ, ևս 108 միլիոն դրամ էլ Հայաստանի նախագահը տրամադրել է որպես փոխառություն:

Ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը բնակարանի կարիք չունի, հաշվի առնելով այն, թե նրա որոշ ենթականեր ինչ միջոցներ ունեն օֆշորային գոտիներում: «Եթե շատ փորփրենք, տեսնում ենք, որ այդ օֆշորներում հենց իրեն սպասարկողներն են հայտնվել, նույն Միհրան Պողոսյանը կամ նույն Տիգրան Սարգսյանը: Երբ նայում ենք նաև հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների գրանցումները, ապա տեսնում ենք, որ այդ բոլորը նույնպես գրանցված են օֆշորներում, և հայտնի չեն իրական սեփականատերերը»,- ասաց Փոստանջյանը:

Բացի Սերժ Սարգսյանից՝ պաշտոնաթողությունից հետո հատուկ կենսաթոշակով, բնակարանով և օրենքով սահմանված այլ միջոցներով են ապահովվել նաև նախորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Սակայն ապրիլի 9-ից հետո, երբ Հայաստանը լիովին անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի, օրենսդրական նոր փոփոխությունների համաձայն՝ ապագա պաշտոնաթող նախագահներին արդեն բնակարաններ չեն տրամադրվի: