Վրաստանի արտգործնախարարն ամփոփել է Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման առաջին տարելիցի արդյունքները

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձե, արխիվ

Նրա խոսքով՝ Վրաստանը վիզային ազատ ռեժիմ ստացավ Եվրամիության համար շատ դժվարին մի իրավիճակում և այսօր Թբիլիսին անում է առավելագույնն այն պահպանելու համար։

Ուղիղ մեկ տարի առաջ` 2017-ի մարտի 28-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան ազատորեն մուտք գործել Շենգենյան գոտու մաս կազմող եվրոպական պետությունների տարածք:

Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման առաջին տարելիցի արդյունքները գնահատելով` Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն երեկ նշում էր, որ այդ քայլը Բրյուսելի կողմից իրական քաղաքական կամքի դրսևորում էր:

«Վրաստանը վիզային ազատ ռեժիմ ստացավ Եվրամիության համար շատ դժվարին մի իրավիճակում: Այդ ժամանակահատվածում Եվրամիությունը միգրացիոն ասպարեզում շատ լուրջ խնդիրներ ուներ և քաղաքական տեսանկյունից Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատումը բավական բարդ խնդիր էր: Բայցևայնպես, մեր երկրում իրականացված բարեփոխումները և հաջողված բանակցությունները թույլ տվեցին ամրագրել այդ արդյունքը: Այժմ մենք անում ենք առավելագույնն՝ այս ձեռքբերումը պահպանելու համար», - նշում էր Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Ազատ վիզային ռեժիմի հաստատումից մեկ տարի անց, սակայն, Եվրամիության մի շարք պետություններում բավական լուրջ մտահոգություններ են հնչում: Դրանց գլխավոր պատճառը առանց վիզայի Եվրամիության պետություններ մուտք գործած և այնտեղ ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների թվի կտրուկ աճն է:

DW-ն՝վկայակոչելով Փախստականների հարցերով եվրոպական գործակալության` EASO-ի տվյալները, երեկ գրում էր. - «Եթե 2017 թվականի հունվարին փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով Եվրամիության պետությունների իշխանություններին դիմել էր Վրաստանի 867 քաղաքացի, ապա այս տարվա հունվարին արդեն 1859: Նրանց գրեթե կեսը` 745 հոգին, ապաստանի դիմում է ներկայացրել Գերմանիայի տարածքում»։

Գերմանիայի իշխանությունները այժմ ստիպված են արագացված կարգով քննել Վրաստանի քաղաքացիների դիմումները` դրանց գրեթե 100 տոկոսի առթիվ մերժման վճիռներ կայացնելով:

Չնայած դրան, ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների հոսքը Եվրոպա առայժմ չի դադարում, ինչը ստիպում է Գերմանիայի, նաև Շվեդիայի իշխանություններին, արդեն հրապարակայնորեն խոսել ազատ վիզային ռեժիմի սառեցման հավանականության մասին:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի խոսքով սակայն պաշտոնական Թբիլիսին այժմ փորձում է տեղեկատվական լայնածավալ արշավի միջոցով հետ պահել երկրի քաղաքացիներին ազատ վիզային ռեժիմը որպես մշտապես արտագաղթելու միջոց օգտագործելու իմաստազուրկ փորձերից:

«Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ Վրաստանը Եվրամիության կողմից անվտանգ պետություն է հռչակվել, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են: Ուստի Եվրամիության տարածքում ապաստան ստանալու հնարավորությունները Վրաստանի քաղաքացիների համար գրեթե զրոյական են», -հայտարարում էր Ջանելիձեն: