«Արտավազդ»-ի այս տարվա մրցանակակիրները հիմնականում երիտասարդներ են

«Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է մեծ հանդիսությամբ արդեն 22 տարի շարունակ:

Երեկ երեկոյան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած թատերական այս ամենամյա մրցանակաբախշությունը նշանավորվեց տարբեր անվանակարգերում առավել երիտասարդ թատերական գործիչների պարգևատրմամբ:

Լավագույն դերասանուհի ճանաչվեց Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման համար, «Լավագույն դերասան» անվանակարգում «Արտավազդի» արժանացան միանգամից երկու դերասան՝ Ավո Խալաթյանը և Միքայել Վաթինյանը՝ համապատասխանաբար «Ռևիզոր» և «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացումներում կերտած գլխավոր դերերի համար:

«Լավագույն բեմադրիչ» անվանակարգում ևս մրցնակակիրները երկուսն են՝ երիտասարդ բեմադրիչներ Նարա Գրիգորյանն ու Սարգիս Արզումանյանը: Լավագույն պիես է ճանաչվել Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում»-ը:

Լավագույն երիտասարդ դերասանուհի է այս տարի ճանաչվել Ջեմմա Աղամյանը, լավագույն երիտասարդ դերասան՝ Նարեկ Բաղդասարյանը:

Ալեքսանդր Գրիգորյանի հիշանակին նվիրված հատուկ մրցանակը հանձնվեց Նարինե Գրիգորյանին:

Անդրադառնալով այս և այլ անվանակարգերում հանձնված մրցանակներին և առհասարակ Թատերական գործիչների միության նախաձեռնած և արդեն 22 տարի անցկացվող «Արտավազդ» մրցանակաբախշությանը՝ միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շեշտեց․ - «Սա այն եզակի օրն է, որի ընթացքում մենք հիշեցնում ենք հասարակությանը, պետությանը, ժողովրդին, որ գոյություն ունի պրոֆեսիոնալ թատրոն, որ այդ թատրոնում աշխատում են տաղանդավոր մարդիկ, որոնք օրնիբուն իրենց գործն են անում ցածր աշխատավարձով, շատ դեպքերում դժվարին պայմաններում: Նկատի ունեմ մեր մարզային որոշ թատրոններ: Այնուամենայնիվ շարունակում են արվեստի գործեր ստեղծել, որոնց մեջ միանշանակ կան շատ հետաքրքրիր աշխատանքներ»:

Նրա համոզմամբ՝ թատերական աշխարհում տարեցտարի ի հայտ են գալիս նոր, երիտասարդ ուժեր, և պատահական չէ, որ այս անգամ «Արտավազդ» մրցանակների մեծ մասը բաժին ընկավ երիտասարդ բեմադրիչներին ու դերասաններին:

Թատերական գործիչների ավագ սերնդի ներկայացուցիչներն այս անգամ առաջ են մղել երիտասարդներին՝ արդեն մրցույթի ընթացքում հանելով իրենց աշխատանքներն մրցապայքարից: Համաձայնեք, որ սա թերևս բացառիկ դեպքերից է:

«Հանգիստ կարելի է ասել, որ երիտասարդների նոր սերունդ է ձևավորվում: Այն սերունդը, որի մասին մենք մի քանի տարի խոսեցինք՝ Նարինե Գրիգորյան, Վահան Բադալյան, Գրիգոր Խաչատրյան, Սամսոն Ստեփանյան, Լիլի Էլբակյան․ Լուսինե Երնջակյան, այդ սերնդին արդեն գալիս ռեժիսորների նոր սերունդ փոխարինելու: Դա խոսում է այն մասին, որ դինամիկ զարգանում է հայ ժամանակակից թատրոնը», - նշեց Ղազանչյանը:

Նրա խոսքով՝ ակներև է, որ երիտասարդները ձգտում են առավել ժամանակակից բեմադրություններ ստեղծել՝ պահպանելով ազգային թատրոնի դիմագիծը:

Անդրադառնալով ժամանակակից հայ թատրոնի խնդիրներին՝ Հակոբ Ղազանչյանն ասաց․ - «Թատրոնի խնդիրները շատ-շատ են: Եվ․․․ այն օրը, երբ թատրոնի խնդիրները կավարտվեն, կնշանակի թատրոնն էլ չկա: Թատրոնը ինքը խնդիր է տեղով: Մի խնդիրը չես հասցնում լուծել, տասնհինգ նոր պրոբլեմներ են առաջանում: Աշխարհում չկա մի պրոֆեսիոնալ թատրոն, որը ինքնուրույն կարողանա գոյատևել: Այնպես որ, ես չէի ուզենա, որպեսզի մշակույթի սուբսիդիան պակասեր, և դա պատճառաբանվեր, թե թող լավ ներկայացում անեն, տոմս ծախեն: Դա շատ պարզ արդարացում է, ինչը ես չէի ուզենա, որ լինի»: