Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը կդիտարկի որպես ՌԴ քաղաքացիների դեմ մահափորձ, եթե բրիտանական կողմը հակառակը չապացուցի:
«Եթե ռուսական կողմին չտրամադրվեն հակառակը հիմնավորող համոզիչ ապացույցներ, ապա կհամարենք, որ գործ ունենք մեր քաղաքացիների դեմ կատարված մահափորձի հետ՝ քաղաքական խոշոր սադրանքի արդյունքում»,- նշված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում մարտի 28-ին տեղադրված մեկնաբանությունում:
«Բրիտանիայի իիշխանությունները պարբերաբար անզորություն են ցուցաբերում իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար: Դրա ցայտուն օրինակը Ռուսաստանի ФСБ-ի նախկին աշխատակից Ա.Լիտվինենկոյի թունավորումն է, չբացահայտված հանգամանքներում ռուսաստանցի գործարարներ Բ. Պատարկացիշվիի և Ա.Պերեպիլիչնիի մահը, Բ. Բերեզովսկու հանելուկային «ինքնասպանությունը» և նրա գործընկեր Ն. Գլուշկովին խեղդամահ անելը և վերջապես մահափորձը Ս. Սկրիպալի և Յու.Սկրիպալի դեմ»,- գրված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:
Նշենք, որ թվարկված բոլոր անձանց մահվան մեջ, նրանց հարազատները, մերձավորները, փաստաբանները կասկածում են Ռուսաստանի իշխանություններին ու հատուկ ծառայություններին: Իսկ Սկրիպալի թունավորման պատճառով արևմտյան երկրները Ռուսաստանի տասնյակ դիվանագետների արտաքսել են իրենց երկրներից: