ՆԱՏՕ-ն նույնպես ռուս դիվանագետների է արտաքսում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ, 27-ը մարտի, 2018թ․

ՆԱՏՕ-ն ևս ռուս դիվանագետների է արտաքսում՝ ի պատասխան նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման:

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ հայտարարել է, որ 7 դիվանագետի է արտաքսելու ռուսական առաքելությունից և մերժելու է ևս 3-ի հավատարմագրումը՝ այդպիսով 30-հոգանոց ռուսական առաքելությունը հասցնելով 20-ի:

ՆԱՏՕ-ն ռուս դիվանագետների էր արտաքսել նաև Ղրիմի բռնակցումից հետո:

Այսպիսով, վերջին երեք տարիներին ռուսական առաքելությունը Հյուսիսատլանտյան դաշինքում գրեթե կրկնակի կկրճատվի:

Արդեն իսկ 27 երկրներ արտաքսել են 144 ռուս դիվանագետների: Վերլուծաբանների կարծիքով՝ այս գործողությունները հիշեցնում են լրտեսների շուրջ վեճերը «սառը պատերազմի» ժամանակ:

Մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին անգիտակից վիճակում հայտնաբերված 66-ամյա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ 33-ամյա Յուլիան «ծայրահեղ, բայց կայուն վիճակում» գտնվում են հիվանդանոցում:

Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում: