Հազարավոր ցուցարարները Կեմերովոյում պահանջում են չթաքցնել հրդեհի զոհերի իրական թիվը, պատժել մեղավորներին

Ռուսաստան, Կեմերովո, 27-ը մարտի, 2018թ․

Այս պահին էլ՝ հրդեհից երկու օր անց, հնարավոր չէ հստակ ասել, թե քանի մարդ է զոհվել ռուսաստանյան Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում․ պաշտոնական տվյալների համաձայն՝ 64 մարդ, հարազատները նաև պարզել են, որ զոհվածներից 41-ը երեխաներ են:

Այսօր առավոտյան ժամը 9-ից հազարավոր մարդիկ են հավաքվել Կեմերովոյի կենտրոնական հրապարակում՝ իշխանություններից պահանջելով չթաքցնել հրդեհի զոհերի իրական թիվը:

Սոցիալական ցանցերում բազմաթիվ տեղեկություններ կան, որ զոհվածների թիվը մի քանի անգամ ավելի է, որ իշխանությունները մարդկանց է՛լ ավելի չզայրացնելու համար ավելի փոքր թիվ են նշում:

Կեմերովոյի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլևը այսօր նույնիսկ ծնկի իջավ քաղաքի բնակիչների առջև և ներողություն խնդրեց, ինչպես նաև հայտարարեց, որ հնարավոր է՝ սրանք վերջնական տվյալներ չեն, և հնարավոր է՝ ինչ-որ մարդկանց անուններ այդ ցուցակում չկան:

Նահանգապետ Աման Տուլեևը չի եկել հավաքվածների մոտ, փոխարենը՝ տեղի ունեցած ողբերգության համար ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և ինչ-որ մարդկանց, ընդդիմությանը մեղադրել է քաղաքում կրքերը թեժացնելու մեջ:

Պուտինը Կեմերովո է ժամանել այսօր առավոտյան շատ վաղ, երբ առևտրի կենտրոնի մոտ արդեն գրեթե ոչ ոք չկար, եկել և ծաղիկներ է դրել, հետո հանդիպել է Կեմերովոյում գտնվող արտակարգ իրավիճակների նախարարության, Քննչական կոմիտեի ղեկավարների, առողջապահության նախարարի և նահանգապետ Տուլեևի հետ:

Ռուսաստանի նախագահը նրանց հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ ասել է, մասնավորապես, թե ողբերգության պատճառը կոռուպցիան է: «Բոլորը գիտեն, որ կարելի է վճարել և ցանկացած տեղեկանք ստանալ», - հայտարարել է Պուտինը:

Հետո նա հանդիպել է նաև մի խումբ բնակիչների հետ ու ասել, թե պետք չէ հավատալ զոհվածների թվի մասին սոցցանցերում տարածվող տեղեկություններին:

Մինչ այս պահը հասկանալի չէ, թե ինչու են փակել առևտրի կենտրոնի երկու կինոթատրոնների դռները, թե քանի տոմս է վաճառվել և որքան մարդ կար այդ կինոթատրոններում:

Ձերբակալվել են մի շարք մարդիկ, այդ թվում՝ կենտրոնի աշխատակիցներից մեկը, ով պատասխանատու է անվտանգության համար և ով անջատել էր հրդեհի ահազանգը: Սակայն նա ասում է, թե բազմիցս բողոքել էր իր ղեկավարներին, որ անվտանգության համակարգը վատ վիճակում է:

Ցուցարարները Կեմերովոյում այսօր պահանջում էին անկողմնակալ հետաքննություն անցկացնել և պատժել հրդեհի մեղավորներին, պահանջում էին Աման Տուլեևի անհապաղ հրաժարականը: Ռուսական որոշ աղբյուրներ այսօր գրել են, որ Տուլեևի հրաժարականը կլինի արդեն առաջիկա օրերին, և նահանգապետ կնշանակվի նրա տեղակալ Սերգեյ Ցիվիլևը, ով համարվում է Պուտինի մանկության ընկեր Գենադի Տիմչենկոյի բիզնես գործընկերը: Այս մասին գրել է, մասնավորապես, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Տուլեևը Կեմերովոյի մարզը ղեկավարում է արդեն ավելի քան երկու տասնամյակ՝ 1997 թվականից:

Վլադիմիր Պուտինը մարտի 28-ը երկրում համազգային սգո օր է հայտարարել: Ռուսաստանցիները երկու օր սոցիալական ցանցերում պահանջում էին համառուսաստանյան սգո օր հայտարարել, Կեմերովո այցելությունից հետո երկրի նախագահը հայտարարեց այն․ մինչ այդ տարբեր մարզերի ու քաղաքների ղեկավարներ սգո օր էին հայտարարում։

Ռուսաստանի տասնյակից ավելի քաղաքներում անցկացվում և անցկացվելու են հավաքներ ի հիշատակ զոհվածների և ի բողոք իշխանությունների դեմ, այդ թվում՝ այսօր երեկոյան հավաք է նախատեսված Մոսկվայում։

Առևտրի կենտրոնում շատ էին նաև Կեմերովոյի մարզի տարբեր գյուղերից և ավաններից եկած երեխաներն ու ծնողները, ու նաև այդ պատաճառով է, որ այսօր հրապարակում հավաքված մարդիկ չեն կարող հստակ հաշվարկել, թե քանի երեխա և ծնող է զոհվել։

Այսօր Կեմերովոյում հավաքված մարդիկ, նրանք, ովքեր կորցրել են իրենց երեխաներին, պատմում էին, որ մինչև վերջին րոպեն խոսում էին իրենց երեխաների հետ, նրանք խնդրում էին փրկել իրենց, ասում էին, որ փակ են դռները, չեն կարողանում դուրս գալ կինոսրահից:

Մի տղամարդ պատմում էր, որ հրշեջներն ու կենտրոնի աշխատակիցները ոտքերից պահել էին իրեն, որ չկարողանա գնալ դստեր մոտ:

Մեկ այլ տղամարդ, հակադարձելով փոխնահանգապետի խոսքերին, թե իբր եկել է հրապարակ սեփական PR-ի համար, պատմել է, որ հրդեհի ժամանակ կորցրել է քրոջը, կնոջը և երեք երեխաներին: «Այստեղ բոլոր հավաքվածները վախենում են, որովհետև գիտեն՝ մի բան սխալ ասեն՝ նույն վայրկյանին կկորցնեն իրենց աշխատանքը», - ասել է նա: