Ինքնաբուխ հանրահավաք Կեմերովոյում՝ իշխանությունների հրաժարականի պահանջով

Հարյուրավոր մարդիկ են այսօր հավաքվել Կեմերովոյի կենտրոնական հրապարակում` իշխանություններից պահանջելով չթաքցնել կիրակի օրը քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրդեհի զոհերի իրական թիվը:

Ցուցարարները նաև պահանջում են անկողմնակալ հետաքննություն անցկացնել և պատժել հրդեհի մեղավորներին:

Ցույցի ընթացքում նաև Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևի անհապաղ հրաժարականի պահանջ է հնչում:

Տուլեևը Կեմերովոյի մարզի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է ավելի քան 20 տարի` 1997 թվականի հուլիսից:

Կեմերովոյում "Зимняя вишня" առևտրի և զվարճանքի կենտրոնում կիրակի օրը բռնկված խոշոր հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով, 64 մարդ է զոհվել։