Սերժ Սարգսյանը վարչապետ չլինելու խոստում չի տվել. Ֆարմանյան

Ըստ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի, նախագահ Սերժ Սարգսյանը վերաարձանագրել է, որ այսօր էլ չի հավակնում վարչապետի պաշտոնին, իսկ խոստում, որ չի լինելու վարչապետ, ըստ պատգամավորի, Սերժ Սարգսյանը չի տվել։

Ֆարմանյանը նշեց՝ այսօր քաղաքական մեծամասնությանն է վերապահված սահմանադրորեն վարչապետի թեկնածության առաջքաշումը։

«Դեռ ժամանակը կգա և այս հարցի վերաբերյալ մենք հանրապետության գործող նախագահի կողմից կունենանք լրացուցիչ մեկնաբանություններ՝ կապված այդ ձևակերպումների հետ։ Բայց հանրապետության նախագահը Tert.am կայքէջին տված հարցազրույցում, գոնե իբրև քաղաքական տեքստ, շարադրել է այդ օգտագործված տերմինների տարբերությունը։ Ես ինքս շատ լավ հասկանում եմ, որ որևէ բացատրություն էլ որ բերվել է հանրապետության նախագահի կողմից, իմ կողմից, Ձեր կողմից, երրորդի կողմից, չի կարող տեղ չթողնել լրացուցիչ մեկնաբանությունների, հարցադրումների և այլ, բայց կարծում եմ, որ ավելացնելու բան էլ այստեղ չկա, որովհետև խոսքը գնում է հավակնությունների մասին։ Նախագահը վերաարձանագրեց, որ այսօր էլ չի հավակնում, բայց տեսեք ամբողջ խնդիրն ինչ է` օրինակ, ես ինքս կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ չեմ հավակնել ժամանակին լինելու Ազգային ժողովի պատգամավոր, բայց հանգամանքների թելադրանքով, իրականությունից բխող որոշումների արդյունքում եղել է», - ասաց Ֆարմանյանը։

Հարցին, թե այդ ո՞ր հանգամանքն է, ի՞նչ է փոխվել, որ Սերժ Սարգսյանը պետք է դառնա վարչապետ, Ֆարմանյանը պատասխանեց. - «Հանրապետության նախագահն այդ առումով շարադրել է իր տեսակետը և՛ ներքին, և՛ արտաքին հանգամանքների վերաբերյալ, բայց կրկնում եմ այն, ինչ կա։ Այս պահի դրությամբ մենք ունենք խորհրդարանում քաղաքական մեծամասնություն, և այդ մեծամասնությանն է վերապահված սահմանադրորեն վարչապետի թեկնածության առաջքաշումներ։ Մենք պետք է մի բանում համաձայնվենք, որ Սահմանադրությունն ու սահմանադրական նորմերը պետք է գերիշխեն, իսկ էդ Սահմանադրությունը նման իրավունք վերապահում է քաղաքական մեծամասնությանը, և մենք ունենք մեր կարծիքը»։

Անդրադառնալով ընդդիմադիրների այն դիտարկումներին, թե «Հայաստանում քաղաքականության մեջ խոսքը որևէ արժեք չունի, կարելի է սեփական ընտրողների խաբել՝ ասել՝ չեմ լինելու վարչապետ, հետո դառնալ», Ֆարմանյանն այսպես արձագանքեց. - «Բացարձակապես համաձայն չեմ մեջբերած տեսակետի հետ, որովհետև նախ նման խոստում՝ «չեմ լինելու», չի եղել, խոսքը գնացել է հավակնությունների մասին, և հանրապետության նախագահը մեկ անգամ ևս վերաշարադրեց, ներկայացրեց այն նոր ռեալ իրականությունը, որում մենք գտնվում ենք։ Հնչած հայտարարության մեջ հանրապետության նախագահը օգտագործել է «չեմ հավակնելու» արտահայտությունը»:

Մեկ այլ դիտարկմանը, թե խոսքը հավակնելու մասին չէ, այլ որ մեկ անձը երկու անգամից ավելի պետք է երկրի ղեկին չլինի, Սերժ Սարգսյանը չի ընդունում այդ մոտեցումը, իշխող կուսակցության պատգամավորն արձագանքեց. - «Բայց կա ռեալ իրականություն, իրավունքը պատկանում է քաղաքական մեծամասնությանը, և եթե ես` որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, առաջնորդվելով իմ երկրի պետական շահերի էն պատկերացումներով, ինչ որ ես ունեմ, և դա իմ սուվերեն իրավունքն է։ Ես ավելի լավ ընտրության հնարավորություն ռեալ իրականության տեսանկյունից այսօր չեմ գտնում, ես պարտավոր եմ, չէ՞, իմ կարծիքն օբյեկտիվորեն հայտնել»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.