Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կտեղակայվեն

Զորավարժություններ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում, արխիվ

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում կտեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով ռուսական Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությանը։

Մինչ ռուսական պաշտոնական աղբյուրը ռազմական ոստիկաններ տեղակայելուն անդրադառնում է ինչպես կայացած փաստի, Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկաններ տեղակայելու շուրջ դեռ փաստաթուղթ չկա:

«Այդ խնդիրը այս պահին քննարկման մեջ է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով: Կարող է նոր համաձայնագիր լինի, պայմանագիր լինի, լրացում լինի գործողին՝ չեմ կարող ասել: Բայց համապատասխան իրավական կարգավորում տալուց հետո», ֊ մանրամասնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղակայելու վերաբերյալ հիմա քննարկումներ են ընթանում, իսկ դրանց տեղակայման անհրաժեշտությունը Հայաստանում պայմանավորում են Գյումրիի 102-րդ ռազմակայանում եղած կարգապահական խնդիրներով։

Հետաքրքրվեցինք, թե այդ պարագայում Երևանում, որտեղ չկա ռուսական ռազմաբազա, ինչո՞ւ է տեղակայվելու ռազմական ոստիկանության ստորաբաժանում։ ֊ «Երևանում ևս 102 ռազմաբազան որոշակի զորամասեր ունի», ֊ պատասխանեց Հովհաննիսյանը:

Ռազմական ոստիկանների գործառույթը, ըստ ռուսական պաշտոնական աղբյուրի, կլինի ռուսական ռազմակայանում կարգուկանոն պահպանելը, ռազմաբազայի օբյեկտների պահպանությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգությանը հետևելը, իսկ նախկինում այս գործառույթն իրականացնում էին առանձին պարեկային խմբեր, սակայն նոր ստեղծվող ստորաբաժանումները կազմված կլինեն հատուկ պատաստություն անցած զինվորականներից՝ պայմանագրային սպաներից, սերժանտներից և զինվորներից, ովքեր զինված կլինեն ստանդարտ սպառազինությամբ, ինչպես նաև ոստիկանական հատուկ միջոցներով։

Ինչպես իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը, այնպես էլ առանձին պատգամավորներ այսօրչմեկնաբանեցին ռուսական ռազմական ոստիկաններ տեղակայելու մասին լուրը, քանի որ առաջին անգամ էին լսում այդ մասին։

Մինչ այդ վերլուծաբան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը մտահոգություններ է հնչեցնում․ ֊ «Մեր իշխանությունները այս ձևի որոշման հետ կապված ծանո՞թ են, թե՞ իրենք, մեզ հետ միասին, իմացան «ՌԻԱ Նովոստիից» այդ նորությունը»:

Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Ռուսաստանի իշխանությունները լուրջ եզրակացություններ են արել ապրիլյան պատերազմից հետո․ ֊ «Հենց այն կոնտեքստով, որ եթե վաղը Ռուսաստանը ուզենա, որ մենք լուրջ զիջումների գնանք հօգուտ Ադրբեջանի, իրենք գիտեն, որ կարող են ճնշել մեր իշխանություններին՝ լծակներ ունեն, բայց հասարակության վրա, հասարակ մարդկանց վրա չունեն: Ահա՝ լծակներից մեկը կարող է լինի այս ոստիկանական ստորաբաժանումները»:

Վերլուծաբանը չի բացառում նաև, որ ռուսական կողմը հաշվի է առել, որ հատկապես խորհրդարանական կառավարման անցնելուց հետո Հայաստանում ավելի հեշտությամբ կարող են բռնկվել ներքաղաքական լարումներ, իսկ ռազմական ոստիկանները մայրաքաղաքում և մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, կարող են կանխել ընդվզումները։ Պաշտպանության նախարարության խոսնակից հետաքրքրվեցինք՝ բացառում են արդյոք, որ ռուս ռազմական ոստիկանները միջամտեն Հայաստանի ներքաղաքական հարցերին: ֊ «102 ռազմաբազայի զինծառայողները, միջպետական համապատասխան պայմանագրով, ունեն հստակ պարտավորությունների և իրավասությունների շրջանակ: Ռազմական ոստիկանության ծառայողները ընդամենը այդ նույն ռազմաբազայում լրացնող զինծառայողներ են», ֊ արձագանքեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ռուսաստանցի ռազմական հարցերով փորձագետ, ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը ևս վստահ է, որ ռուսական ռազմական ոստիկանների իրավապահ գործառույթները չափազանց սահմանափակ են լինելու․ ֊ «Ռազմական ոստիկանության ստորաբաժանումը կիրականացնի այն գործառույթները, որ նախկինում կատարում էին պարետային ծառայողները, այդ պատճառով դրա ներդրումը չի կարելի արտակարգ բան համարել։ Դա կատարվում է բարեփոխումների շրջանակում և տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր այն վայրերում, որտեղ կան ռուսական զորքեր»։