Վարչապետը այցելել է Սևան, ծանոթացել Գեղարքունիքի մարզի 2017-ի արդյունքներին ու այս տարվա անելիքներին

Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թվականին Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018-ի անելիքներին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ 2017-ին սեփական եկամուտների պլանային թվի տարեսկզբի և տարեվերջի համեմատության արդյունքում արձանագրվել է 10.6 տոկոս աճ: 2017-ի փաստացի կատարողականը կազմել է 1 միլիարդ 519 միլիոն 744 հազար դրամ (101․7 տոկոս)՝ նախորդ տարվա 97․4 տոկոսի փոխարեն:

Վարչապետը նշել է, որ հաշվի առնելով մարզում առկա ռեսուրսները և ներուժը՝ սեփական եկամուտների պլանավորման և կատարողականի ցուցանիշները հանրապետության մասշտաբով ամենաբարձրերից պետք է լինեն: «Մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ ժամանակակից, զարգացող երկրում քաղաքացիներն ունեն պարտավորություններ: Աշխարհում չկա երկիր, որտեղ աղբահանության համար փող չեն վճարում, չկա երկիր, որտեղ գույքահարկ, հողի հարկ չենք վճարում: Վերանայում եք ձեր բյուջեն, հստակ ձևակերպում եք, բոլոր բարձրացված հարցադրումներով անցնում եք և առանձին-առանձին լուծումներ մշակում: Սուբվենցիայի նոր կանոնը, որը ձևակերպել ենք և սկսել ենք՝ ֆոնդային բյուջետավորումը, մի պարզ սկզբունք ունի. սահմանամերձ գյուղերն առանձին բանաձև է, իսկ բոլոր համայնքների կողքը կանգնելու ենք, եթե ծանրաբեռնվածություն վերցնեն: Ծանրաբեռնվածություն վերցնելը, իհարկե, հարաբերական է. որպեսզի հասկանանք՝ իր ներուժի չափով ճի՞շտ ծանրաբեռնվածություն է վերցնում, թե՞՝ ոչ, այդ պոտենցիալը պետք է հստակ հաշվարկենք», - ասել է Կարապետյանը:

Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման մեծ ներուժ կա, և այն իրացնելու նպատակով նախաձեռնվում են մի շարք ներդրումային ծրագրեր: Մասնավորապես, Մեծ Մասրիկ համայնքում նախատեսվում է 97 հա հողատարածքի վրա իրականացնել «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցում» ներդրումային ծրագիրը: Անհատական տներում և արտադրական շենքերում տեղադրվում են այլընտրանքային էներգիա արտադրող սարքեր: Մարզպետի խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման մյուս ուղղությունը հողմակայանների կառուցումն է, որի համար առավել հեռանկարային է համարվում մարզի հյուսիսային հատվածը: Պայմանավորվածություն կա իսպանական «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» ընկերության հետ Վարսեր համայնքում քամու չափիչ կայաններ տեղադրելու մասին, և բավարար տվյալների դեպքում այս տարի կմեկնարկի 150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցումը՝ 40 միլիոն դոլար ներդրումային ծավալով: Հողմակայանների ոլորտում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող մյուս ընկերությունն ԱՄԷ «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ»-ն է, որը նախատեսում է մարզի Ծաղկունք, Գեղամավան, Սեմյոնովկա, Դդմաշեն և Ծովագյուղ համայնքներում 638 հա-ի վրա կառուցել հողմաէլեկտրակայաններ՝ 132.5 ՄՎտ հզորությամբ: Ներդրումների ծավալը 90 միլիարդ դրամ է, ստեղծվելու է 350 աշխատատեղ:

Զեկուցվել է, որ հաշվետու տարում մարզում կապիտալ շինարարության ոլորտում իրականացվել է 13 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում. կառուցվել են ճանապարհներ, շարունակվել է Սևանի բժշկական կենտրոնի շինարարությունը, իրականացվել են ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքներ, դպրոցների և մշակութային օբյեկտների, մանկապարտեզների հիմնանորոգում, երկու համայնքում կառուցվել են գազատարեր, մեկնարկել են Գավառ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքները և այլն:

Աղբահանության ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017-ին տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1725 պայմանագիր, մարզում գրանցված է 2168 իրավաբանական անձ: Կանխատեսվում է, որ 2018-ին աղբահանության վարձավճարներից հավաքագրվող գումարների աճը նախորդ տարվա նկատմամբ կավելանա 2.4 անգամ: Վարչապետը շեշտել է, որ աղբահանության սակագինը պետք է համապատասխանի միջին հանրապետական ցուցանիշներին՝ հանձնարարելով վերանայել պլանավորումը: Կառավարության ղեկավարը նաև կարևորել է աղբահանության պատշաճ կազմակերպումը և հատկապես Սևանա լճի հարակից տարածքի մաքրության ապահովումը՝ հաշվի առնելով զբոսաշրջային գրավչության հանգամանքը:

«Չափազանց կարևոր է, որ քաղաքացին հասկանա, որ եթե վճարում է աղբահանության համար, ուրեմն իր կյանքում և կենցաղում բան է փոխվում: Մենք բոլոր մարզերում պայմանավորվել ենք և խնդիր ենք դրել, որ այն գյուղական համայնքները, որոնք տրանզիտային չեն, ծանր մեքենաներ չեն անցնում, մի քանի խնդիր պետք է կարգավորեն՝ պետք է բարեկարգվեն գյուղի ներքին ճանապարհները՝ ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, ծուռումուռ ցանկապատերը պետք է ուղղվեն, ներկվեն, պետք է ապահովվի կենտրոնական փողոցների լուսավորությունը և դրվեն աղբամաններ: Այդ քայլն անելու համար շատ գումարներ պետք չեն: Պետք է մտածել, թե ինչպես տեղի ռեսուրսն օգտագործել այդ ամենը հաջողելու գործում», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով 2017-ի ներդրումային ծրագրերին՝ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ մասնավոր ներդրումների ծավալը 7 մլրդ 814 մլն դրամ է, ստեղծված աշխատատեղերի թիվը՝ 440: 2018-ին մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է իրականացնել 32 մլրդ 818 մլն դրամի ներդրում, կստեղծվի 687 աշխատատեղ՝ հիմնականում հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, թեթև արդյունաբերության ոլորտներում:

Մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուի խոսքով՝ Գեղարքունիքի մարզի համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 123.8 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 536 հազար 600 դրամ։ Շողակաթ համայքում 2017-2018 թթ. տնկվել է կաթիլային եղանակով ոռոգվող շուրջ 50 հա պտղատու այգի: Ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում 2017-ին 15 շահառու ձեռք է բերել 56 միավոր գյուղտեխնիկա, 2018-ին նախատեսվում է այդ թիվը հասցնել 74-ի: Նշվել է, որ այս տարի կանխատեսվում է 20 տոկոս աճ ոլորտում:

Նշվել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է զբոսաշրջությունը. հաշվետու տարում զբոսաշրջիկների թիվը հասել է 83 հազարի, ստեղծվել է սեզոնային 520 աշխատատեղ: 2018-ին ոլորտում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ 24 մլն դրամի ներդրում, կստեղծվի 117 աշխատատեղ: Կալավան համայնքում, որտեղ զբոսաշրջային լուրջ և արդյունավետ ծրագիր է իրականացվում, ստեղծվել է 7 հյուրատուն՝ վարկավորման միջոցով, 2017-ին այցելուների թիվը կազմել է 1800: Այս տարի ակնկալվում է 5 հազարից ավելի զբոսաշրջիկի այցելություն:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Սևան ազգային պարկի բարեփոխումների ծրագրին: Այս համատեքստում քննարկվել են Սևան ազգային պարկի և հարակից համայնքների միջև համագործակցությանը, վարձակալության պայմաններին վերաբերող հարցեր: