Բնապահպանների դիտակետում պարբերաբար հայտնվող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պատրաստվում է հանքարդյունաբերության բաց եղանակից փակ տարբերակի անցնել, արտադրական ծավալները 50 տոկոսով ավելացնել, բայց միաժամանակ հինգ անգամ նվազեցնել փոշու արտանետումները։
Ախթալայի համայնքապետարանում հանրային քննարկում էր։ Նախագծի պատասխանատուները պնդում են՝ վերազինում են հանքն ու ֆաբրիկան, և նախկին թերությունները բացառվելու են։
Ընկերության ներկայացուցիչ, նախագծի ղեկավար Հովիկ Նիկողոսյանն ասաց․ - «Խոսքը գնում է ուղղակի ստորգետնյա հանքի արտադրողականության ավելացման համար: Այսինքն՝ աշխատում ենք, 200 էր տալիս՝ 300 հազար ենք տալիս, որ ֆաբրիկան իր հզորությունով կարողանա աշխատի, որովհետև բաց հանքը փակվել է»:
Ընկերության բնապահպանության բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը հակադարձեց «Ազատության» պնդումներին, որ պարբերաբար պոչանքների արտանետումներ են ունենում, որոնք լցվում են Դեբեդ գետը։ Վերջերս համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում են կոմբինատից գետը թափվող արտանետումները։ Շահնազարյանը հերքեց բնապահպանների պնդումները՝ հայտարարելով․ - «Ո՛չ, համաձայն չեմ»:
Մինչդեռ ընկերության ղեկավարները չեն հերքում, որ պոչամբարն արդեն լցվել է, և հաճախակի վթարներ են լինում։
«Դժգոհում են, որ ձեր պարտավորությունները չեք կատարում, ընկերությունը չի կատարում: Ի՞նչ երաշխիք ունեն, որ այս դեպքում կկատարեք», - «Ազատության» այս հարցին Շահնազարյանը պատասխանեց․ - «Դա ժամանակը կարող է ցույց տալ, ժամանակը ցույց կտա՝ մենք մեր պարտավորությունները կատարո՞ւմ ենք, թե՞՝ չէ: Կանխավ ենթադրել, որ մենք չենք կատարելու, դա էլ ճիշտ չի»:
«Բայց հիմա ընդունում եք, որ չեք կատարում կամ մասամբ եք կատարում», - այս դիտարկմանն էլ ընկերության բնապահպանության բաժնի պետը հակադարձեց․ - «Ո՛չ: Իհարկե, բոլորը հնարավոր չի կատարել, իհարկե, տենց արտադրություն չկա, որտեղ որ դժբախտ պատահարներ չեն լինում, տենց արտադրություն չկա, մանավանդ՝ ծանր արդյունաբերության մեջ, իհարկե, մենք բոլորը դա հասկանում ենք: Դրա համար էլ հատուկ օրենք կա, օրենսդրական ակտեր կան, որոնցով որ մենք շարժվում ենք»:
Հանրային քննարկմանը հիմնականում ընկերության, համայնքապետարանի և բնապահպանության նախարարության ներկայացուցիչներն էին։ Թեև նախապես հայտարարվել էր քննարկման մասին, բայց համայնքի հատուկենտ բնակիչներ էին եկել։
Գոհար Խաչիկյանի ամուսինն անցած տարի հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով ողնաշարի լուրջ կոտրվածք է ստացել, այսօր չի կարողանում տեղաշարժվել, և ընտանիքը նրա բուժման հետ կապված մեծ դժվարություններ ունի։
Այսօր քննարկմանը ներկայացած Գոհար Խաչիկյանը բարձրացրեց հանքի անվտանգության խնդիրը, որ հաճախակի վթարներ են տեղի ունեցել հանքում։ «Մեկն էլ իմ ամուսինն ա, մտել ա՝ «120 հազար դրամ գումար աշխատեմ»: Ծիծաղելի գումար ա դա: Գիշեր ու ցերեկ չեք ասել՝ մտել են աշխատել են, որ իրանք էդ վիճակին հասնեն, ու իրանց արհամարհե՞ն», - ասաց կինը:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանն արձագանքեց․ - «Անվտանգությունը, արտակարգ իրավիճակների նախարարության և համապատասխան ստորաբաժանման եզրակացությունը էս գործընթացի համար պարտադիր է, որպեսզի խուսափենք էս գործընթացներին կամ ունենանք պատասխանատու, որը որ պատասխանատու լինի ստեղծված իրավիճակների համար: Միանշանակ, էս փորձաքննությունը էդ պահանջներից մեկը միանշանակ դնում ա, դա կարող եք չկասկածել»:
Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը նշեց, որ համայնքը դեռ կմասնակցի առաջիկայում նախատեսված ևս երկու հանրային քննարկումներին և կներկայացնի իր պահանջները։
«Մենք նենց չի, որ հանքարդյունաբերությունը պիտի չաշխատի՝ պիտի աշխատի, բայց նենց աշխատի, որ համայնքն էլ դրանից չվնասվի, ժողովուրդն էլ խնդիր չունենան և իրանք էլ աշխատեն: Իմ մոտեցումը սա ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թամազյանը: