Հայաստանում դրամաշնորհներ ստացող կառույցների թվում առաջատարը հենց կառավարությունն է․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյան, արխիվ

Վերջին տասը տարում Հայաստանի պետական կառույցները մոտ 700 միլիոն դոլարի անհատույց դրամաշնորհ են ստացել միջազգային կազմակերպություններից և այլ երկրների կառավարություններից, փաստում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հետաքննությունը։

Ըստ այդմ, դրամաշնորհների 50 տոկոսը գոյացել է Եվրամիության ու անդամ երկրների կառավարությունների հատկացումներից, 30 տոկոսը ԱՄՆ-ն է տրամադրել։ Հայաստանը վերջին տասը տարում դրամաշնորհներ է ստացել անգամ Իրանից, Վրաստանից ու Ուկրաինայից՝ ամենատարբեր նպատակներով։ Իրանը, օրինակ, օգնել է գազիֆիկացնել Մեղրին և Ագարակը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը Լեհաստանից 1.5 եվրո արժողությամբ մուրճեր է նվեր ստացել։ Ուկրաինան 2013-ին Հայաստանի մշակույթի նախարարությանը 1 միլիոն 157 հազար դոլար է տրամադրել Սերգեյ Փարաջանովի մասին ֆիլմ նկարահանելու համար։ 2011-ին մարդահամարը Հայաստանում նույնպես դրամաշնորհով է իրականացվել։

«Երբեմն այնպիսի տպավորություն է, որ որոշ գերատեսչություններ պետական բյուջեի հաշվին բացառապես աշխատավարձ են ստանում և ծառայողական մեքենաներ, իսկ հիմնական իրենց պրոդուկտիվությունը ապահովվում է գրանտային միջոցներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Վերջերս Ազգային ժողովում իշխող Հանրապետականի պատգամավոր Շուշան Պետրոսյանն ուղղակիորեն մեղադրեց օտարերկրյա կազմակերպություններին Հայաստանի զարգացմանը խոչընդոտելու համար։ «Երբ երկրիդ հողին կանգնած ես ու զգում ես, որ իր շարունակությունն ես, որ բողբոջել ես, որևէ Եվրազիա Փարթներշիփ, Ջորջ Սորոս, ֆլան, ֆստան ի զորու չեն կանխելու ծաղկունքդ», - հայտարարեց նա:

Նման քննադատություն հնչեցնողներին Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է՝ Հայաստանում դրամաշնորհներ ստացող կառույցների թվում առաջատարը հենց կառավարությունն է. - «Կառավարության ստացած արտասահմանյան գրանտերի չափի հետ չի կարող մրցել ոչ միայն որևիցե առանձին վերցված ՀԿ, այլ անգամ բոլոր ՀԿ-ները միասին վերցված: Հայաստանի բոլոր ՀԿ-ները միասին վերցված անգամ չեն էլ երազում նման չափի գումար ստանալու մասին՝ տարեկան 60-70 միլիոն դոլարի գրանտ են իրեք ստանում: Հետևաբար, եթե մենք խոսում ենք գրանտակերներից, եթե մենք որևիցե մեկին որակում ենք գրանտակեր, ապա առաջին հերթին դա Հայաստանի գործադիր իշխանությունն է»:

Հասարակական սեկտորի ներկայացուցի համոզմամբ՝ կառավարությունը դրամաշնորհները հաճախ ծախսում է ոչ թե ժողովրդավարության զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության, այլ ճիշտ հակառակի համար: «Եթե այդ գրանտերով, ինչպես, օրինակ, եղավ ոստիկանության դեպքում, ոստիկանությունը ստանում է ավտոմեքենաներ, որոնցում ցուցարարների նկատմամբ բռնություն է գործադրվում, ապա դա վատ է: Եվ, ընդ որում, սա է երևի պատճառը, որ ոստիկանությանը տրամադրվող գրանտերը վերջին շրջանում վերանայվել են», - նշեց Իոաննիսյանը:

Նա շեշտում է՝ քննադատության թիրախում ոչ թե դրամաշնորհ ստանալու փաստն է, այլ դրա նպատակայնությունը։ Ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության համար ծախսվող միջոցները միայն դրական արձագանք կարող են ստանալ։

Տարեսկզբին «Ազատության» հետաքննությունը պարզել էր, որ Ամանորի միջոցառումների համար պետական կառույցները բյուջեից ավելի քան 30 միլիոն դրամ են ծախսել։ Դանիել Իոաննիսյանն անընդունելի է համարում, որ բյուջեում անկարևոր ծախսերի համար փող կա, իսկ հանրությանն անհրաժեշտ գնումները մնում են դրամաշնորհների հույսին։

«Այսինքն, բյուջետային միջոցների հաշվին ամանորյա խնջույքներ անելը նորմալ է, բյուջետային միջոցների հաշվին ծառայողական նորանոր մեքենաներ գնելը նորմալ է, բայց բյուջետային միջոցների հաշվին անգամ 1.5 եվրոյանոց մուրճ չեն կարողանում գնել, որ Լեհաստանը մեզ պետք է այդ մուրճը նվիրի», - ընդգծեց նա:

Միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ ստացող գերատեսչությունների ցանկում է նաև կրթության և գիտության նախարարությունը։ Նախարար Լևոն Մկրտչյանը դրամաշնորհները «ոլորտը փչացնող» գործոն չի համարում, ասում է՝ միայն պետք է ապահովել միջոցների ծախսման թափանցիկությունը։ Ընդունում է, որ գերատեսչությունների բյուջեների տնօրինման օգտակարությունը բարձրացնելու խնդիր կա։

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան, արխիվ

«Մենք հաջորդ տարվանից պիտի անցնենք ծրագրային բյուջեի: Կրթության նախարարությունը արդեն բավական երկար ժամանակ այդ փորձառությունը ունի, մաս-մաս ենք տեղափոխում, մենք հիմա 19 թվականից ամբողջությամբ ծրագրային բյուջեի ենք անցնելու, որտեղ Ձեր ասած չափանիշը շատ կարևոր է՝ օգտակար գործողության գործակիցը: Իմ խորին համոզմամբ՝ բյուջեն օպտիմիզացիայի տեղ ունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարարը:

Պետբյուջեի համաձայն՝ ընթացիկ տարում կառավարությունը նախատեսում է օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստանալ ընդհանուր առմամբ 35.8 միլիարդ դրամի՝ 74 միլիոն դոլարի դրամաշնորհներ: Այս ցուցանիշը 4.8 միլիարդ դոլարով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը՝ կազմելով պետական բյուջեի եկամուտների 3 տոկոսը: