Իրանցի զբոսաշրջիկները բողոքում են, թե Հայաստանում քչերն են խոսում անգլերեն

Երևանում Նովրուզը նշող իրանցիներն «Ազատության» հետ զրույցում ասում են, թե հաճախ խաբեության զոհ են դառնում կամ ստիպված են լինում կաշառք տալ։

Զբոսաշրջիկները դժգոհ են նաև ոստիկանությունից։ Պնդում են, որ իրենցից հաճախ անձնագիր են պահանջում, իսկ չներկայացնելու դեպքում ոստիկանության բաժանմունք տանում։

«Երեկ ես հրապարակում մեքենան սխալ տեղ էի կայանել: Ես չգիտեի կանոնները, բայց ոստիկանները եկան, և ես նրանց 20 հազար դրամ վճարեցի դրա համար», - ասաց մի իրանցի զբոսաշրջիկ: - «Ամենամեծ խնդիրը անգլերենով շփվելն է: Ամեն տեղ անգլերեն գիտեն, բայց Հայաստանում շատ քիչ գիտեն: Անգամ ոստիկանները չգիտեն անգլերեն: Մի անգամ ոստիկանից հարցրել եմ, թե որտեղ է հրապարակը, ինձ տարել են բաժին, երեք ժամ հարցաքննել: Ու մեզ այնտեղ շատ վատ են վերաբերվել»:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե դրանք հատուկենտ դեպքեր են, հարևան երկրի զբոսաշրջիկների նկատմամբ առանձին քաղաքականության տանելու մտադրություն չկա։

Ինչ վերաբերում է անգլերենի իմացությանը, ապա, ըստ Ահարոնյանի, մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում ծառայություն իրականացնում են 4-րդ և 5-րդ գումարտակի պարեկապահակետային ծառայութան աշխատողները՝ այսպես ասած հրեշտակները, ովքեր տիրապետում են ոչ միայն անգլերենի, այլև այլ օտար լեզուների և պատրաստակամ են զբոսաշրջիկներին օգնելու հարցում։

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի կարծիքով, իրանցիները ապրանքի կամ ծառայության համար մի քանի անգամ ավելի են վճարում տեղեկացված չլինելու պատճառով։

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը հակադարձում է՝ իրանցիներին հենց սահմանին տեղեկատվական թերթիկներ են բաժանում․ - «Մենք իրենց համար պայմաններ ստեղծել ենք: Գործում է շուրջօրյա թեժ գիծ պարսկերեն լեզվով»:

Մասնագետների կարծիքով, Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է, թեև ամփոփ տվյալներ թեև դեռ չկան։ Պաշտոնական վիճակագրության համաձայն 2017 թվականին Իրանից Հայաստան են այցելել 220 հազար զբոսաշրջիկ, ինչը 16 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին։

Ռուբիկ Մինասյանն ասում է, որ տարվա ընթացքում իրանցի 9 միլիոն զբոսաշրջիկից Հայաստան է գալիս ընդամենը 200 հազարը, մինչդեռ թիվը կարող էր ավելի մեծ լինել։ Ի տարբերություն Թուրքիայի ու Վրաստանի, այստեղ պետության կողմից իրականացվող կոնկրետ ծրագրեր չկան, միջոցառումներ չեն կազմակերպվում։

«Տարբերվում են նաև գները», - նկատում է լրագրողը: - «Հայաստանի տուրիստական պակետը ավելի թանկ ա դարձնում նույնիսկ Վրաստանի համեմատ: Թեհրան - Թբիլիսի թռիչքը շատ ավելի էժան ա, քան Թեհրան - Երևան թռիչքը: Երևանում բոլոր հյուրանոցների գներն ավելի բարձր են, քան Թբիլիսիում: Թբիլիսիում ծրագրեր շատ կան․․․ Եթե մենք Երևանում ունենք երկու կոնցերտ, կամ երեք կոնցերտ էս ժամանակահատվածում, Թբիլիսիում կան տասնյակ կոնցերտներ: Երևանում կլուբներ կան, դիսկոտեկներ կան, ուր արգելում են իրանցիների մուտքը»:

Հաճախ կարծիքներ են հնչում, որ իրանցիներին թանկ գներից ու վատ ճանապարհներից բացի, հիասթափեցնում է նաև հայաստանցիների ոչ այնքան բայրացկամ, հաճախ խտրական վերաբերմունքը։

«Դժբախատաբար, դա երևի մեր մեջ պետք է փնտրենք», - ասաց Ռուբիկ Մինասյանը։

«Ես կխնդրեի, հորդորեի մեր բոլոր և՛ բնակչությանը, և՛ գործընկերներին, լրատվամիջոցներին մի քանի դեպքը չորակենք որպես հանրային վերաբերմունք: Նման վերաբերմունք, առավել ևս՝ հակաիրանական, չկա: Մենք բարեկամ և հարևան ժողովուրդներ ենք: Հայերը հայտնի են իրենց հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ և որևէ մեկի նկատմամբ վատ վերաբերմունք չկա», - հակադարձեց Մեխակ Ապրեսյանը: