Բրյուսելը հետ է կանչում Ռուսաստանում ԵՄ մշտական ներկայացուցիչ Մարկուս Էդերերին

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների համատեղ ասուլիսը բրյուսելյան հանդիպումից հետո, 22-ը մարտի, 2018 թ․

Բացի այդ, Եվրամիության մի քանի երկրներ քննարկում են նաև Ռուսաստանի դեսպաններին վտարելու կամ Մոսկվայից իրենց դեսպաններին հետ կանչելու հարցը: Մասնավորապես, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ասել է, թե պատրաստ են արտաքսել «ռուսական լրտեսներին»: Մերձբալթյան մյուս երկրները, ինչպես նաև Չեխիան ու Լեհաստանը, հայտարարել են, թե ներկայումս քննարկում են նման քայլերի դիմելու հնարավորությունները:

Այս հայտարարությունները հնչել են Բրյուսելում, որտեղ երեկ մինչև ուշ երեկո Եվրամիության առաջնորդները քննարկում էին Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը նյարդա-պարալիտիկ նյութով թունավորելու միջադեպը: Հանդիպման արդյունքում Եվրամիությունն իր անվերապահ աջակցություն է հայտնել Բրիտանիային, պաշտոնապես համաձայնելով Լոնդոնի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ մեծ հավանականությամբ հենց Ռուսաստանն է պատասխանտու Սերգեյ Սկրիպալի թունավորման համար:

Եվրամիության անդամ երկրների առաջնորդների հրապարակած համատեղ հայտարությունում նշված է, որ այլ համոզիչ բացատրություններ չկան: «Մենք անվերապահորեն աջակցություն ենք հայատնում Միացյալ Թագավորությանը, ի դիմաց՝ մեր ընդհանուր անվտանգությանն ուղղված այդ հանդուգն սպառնալիքի»,- նշված է հայտարարությունում:

Երեկվա քննարկման ժամանակ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր վրա կատարված հարձակումը Եվրոպայի դեմ Ռուսաստանի «շարունակվող ագրեսիայի» օրինակ է: Նա ասել է, որ Բրիտանիան ուս-ուսի կկանգի Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ՝ համատեղ պայքարելու այդ սպառնալիքի դեմ: «Միասին մենք հաջողության կհասնեք»,- հայտարարել է Մեյը:

«Ռուսաստանից եկող սպառնալիքը սահմաններ չի ճանաչում, այդ սպառնալիքը մեր արժեքների դեմ է: Այստեղ, ԵՄ խորհրդում, մենք միասին ենք պաշտպանելու այդ արժեքները»,- նաև հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հանդիպման ավարտին ասել է, որ Եվրամիությունը կքննարկի արդեն իսկ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի դեմ կատարելիք հետագա քայլերը:

Մոսկվան ԵՄ-ի հայտարարությանը պատասխանել է արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Արտյոմ Կոժինի մակարդակով: Վերջինս այսօր իր ափսոսանքն է հայտնել այդ հայտարարության կապակցությամբ: Կոժինի խոսքով՝ Եվրամիության հայտարարության մեջ առկա մեղադրանքները որևէ ապացույց չունեն: «Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բրիտանական վարկածի հետ համաձայնելու՝ Եվրամիության պատրաստակամությունը կարելի է բացատրել միայն մի բանով՝ դժվարին կացության մեջ հայտնված Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին աջակցելու ցանկությամբ»,- ասել է Կոժինը:

Այսօր Մոսկվայում Բրիտանիայի դեսպանատնից ավտոշարասյուն է դուրս եկել: Ենթադրաբար՝ դրանում Ռուսաստանից արտաքսված բրիտանացի դիվանագետներն են եղել: Մոսկվան բրիտանացի 23 դիվանագետի արտաքսելու որոշում էր կայացրել, հեռանալու համար նրանց հատկացնելով մեկ շաբաթ ժամանակ: Ավելի վաղ Լոնդոնն էր Բրիտանիայից 23 ռուսաստանցի դիվանագետներ արտաքսել, պնդելով, որ նրանք ռուսական հատուկ ծառայությունների ծպտյալ աշխատակիցներ են: