Հայաստանի ապագա վարչապետի հարցը «տարբեր ֆորմատներով քննարկվում է և քննարկման փուլում է»: Այս մասին հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ վկայակոչելով Հայաստանի նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի օրերս տված հարցազրույցը:
«Եվ մենք պետք է իրականացնենք որոշում, որը բացառապես բխում է այսօրվա իրողություններից, այսօրվա մարտահրավերներից, և Հայաստանի հանրապետական կուսակցությունը կընդունի այնպիսի որոշում, որը բացառապես կսպասարկի Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային շահը», - ասաց Շարմազանովը:
Հինգշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք հիշյալ հարցազրույցում նախագահի արած հայտարարություններից կարելի՞ է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանն է Հանրապետականի վարչապետի թեկնածուն, և վարչապետի թեկնածուի հարցը ակտիվորեն քննարկվո՞ւմ է կոալիցիան ՀՅ Դաշնակցության հետ, ՀՀԿ խոսնակը նաև շեշտեց․ - «Մինչ այսօր, մինչ օրս Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչպես իր հարցազրույցում իրավացիորեն նշեց կուսակցության նախագահ պարոն Սարգսյանը, ինստիտուցիոնալ քննարկումներ չի իրականացրել: Ի՞նչ է ինստիտուցիոնալ քննարկումները․ այսինքն՝ մենք պաշտոնապես ո՛չ գործադիր մարմնում, ո՛չ խորհրդի նիստում դեռևս այս խնդրին չենք անդրադարձել»:
«Բայց ես կարող եմ նշել, որ, այո, առանձին-առանձին մենք և՛ մամուլի միջոցներով, և՛ առանձին կուսակցական գործընկերներով մեր կարծիքը արտահայտել ենք», - շարունակեց Շարմազանովը: - «Ես իմ կարծիքը առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես բաց արտահայտել եմ, և իմ կարծիքը հետևյալն է՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, հաշվի առնելով արտաքին և ներքին մարտահրավերները, Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի պատասխանատու, ավելի պատրաստված, ավելի փորձառու, ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, չունի: Բայց սա բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը կիսում են նաև շատ ու շատ հանրապետական մեր գործընկերներ: Բայց պետք է ֆիքսենք, որ մինչ այս պահը մենք որևէ ինստիտուցիոնալ կուսակցական քննարկում չենք իրականացրել»:
«Ազատության» հարցին՝ «Հանրապետական կուսակցության ներսում կա՞ն մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն, որ վարչապետի թեկնածուն ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ինչպես Դուք նշեցիք, այլ մարդ է՝ ոչ Սերժ Սարգսյանը», ՀՀԿ խոսնակը արձագանքեց․ - «Մենք պաշտոնապես քննարկում չենք ծավալել, և ես չեմ կարող Ձեր հարցին այլ պատասխան տալ: Երբ կունենանք հստակ քննարկում, կարող ենք տալ վերջնական պատասխան: Բայց ես կարծում եմ, գոնե իմ անձնական տպավորությունները հետևյալն են, որ մենք իրավունք չունենք հաշվի չառնել էսօրվա արտաքին քաղաքական, ներքաղաքական մարտահրավերները և իրողությունները, և մենք կիրականացնենք որոշում, որը կսպասարկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը: Ի՞նչ որոշման կհանգենք՝ կքննարկենք, կներկայացնենք ձեզ»:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում չի բացառել, որ ապրիլի 9-ից հետո վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել իր թեկնածությունը:
«Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ», - ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»: