Լուկաշենկո. «Մինսկի համար Վրաստանի հետ հարաբերություններում արգելված թեմաներ չկան»

«Վրաստան այցելելիս կարծես տուն վերադառնամ», - Ալեքսանդր Լուկաշենկոյի այս անսպասելի խոստովանությամբ այսօր Թբիլիսիում մեկնարկեցին վրաց-բելառուսական բարձր մակարդակի բանակցությունները:

Դիմելով իր վրաց պաշտոնակցին՝ Լուկաշնեկոն ասել է․ - «Անկեղծ պետք է խոստովանեմ: Լինում են այցեր, որոնք ընկալում ես որպես տաժանակիր աշխատանք: Իսկ Վրաստանում ես հասկանում եմ, որ գալիս եմ աշխատելու, սակայն մշտապես դա ուղեկցվում է մեծ հուզմունքով և ակնկալիքով առ այն, որ կհանդիպեմ լավ, բարի, կարգին մարդկանց»:

Վերջին երեք տարիների ընթացքում սա Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան:

Բելառուսի նախագահի ղեկավարած պատվիրակությունը Թբիլիսի ժամանեց այսօր կեսօրին: Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում Լուկաշենկոյին դիմավորեցին Վրաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին, ինչպես նաև նախագահի աշխատազմի բարձրաստիճան ներկայացուցիչները:

Օդանավակայանից Ալեքսանդր Լուկաշենկոն ուղևորվեց Հավլաբար, որտեղ գտնվող նախագահական նստավայրում կայացավ նրա դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ավարտին մեկնարկեցին Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի դեմ առ դեմ բանակցությունները, որոնց ավարտին երկու նախագահները հանդես եկան համատեղ ասուլիսով:

Դրա ընթացքում Լուկաշնեկոն կրկին գովեստի խոսքեր էր շռայլում հյուրընկալող կողմի հասցեին` ներկաների կողմից ծափահարությունների արժանանալով:

«Հարգելի բարեկամներ, Վրաստանի հետ հարաբերություններում մեզ համար փակ, արգելված թեմաներ չկան: Մենք մշտապես այնպիսի քայլեր ենք ձեռնարկում, որոնք կնպաստեն Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Ավելին՝ վերջին տարիներին մենք այդ հարաբերությունները պարզապես վերստեղծել ենք նոր հիմքի վրա: Ես՝ որպես մարդ, քաղաքացի, պետության ղեկավար, ցանկանում եմ, որպեսզի Վրաստանը լավ վիճակում լինի: Վրաց ժողովուրդը, որը համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը մեծ նպաստ է ներդրել, արժանի է այս մոլորակում հարգալից պայմաններում խաղաղ կյանքի», - հայտարարել է Լուկաշենկոն:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խոսքով, Մինսկի և Թբիլիսիի հարաբերությունները կարող են օրինակ հանդիսանալ մյուս պետությունների համար․ - «Մեր հարաբերությունների ակտիվացումը ակնհայտ է: Այսօր մենք երկկողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցինք, որը կնախանշի Վրաստանի և Բելառուսի հարաբերությունների զարգացումը առաջիկա տասնամյակներին»:

Լուկաշենկոյի այցի առանցքային կետը, սակայն, երկկողմ տնտեսական կապերի ամրապնդումն է: Բելառուսի նախագահը այսօր նշել է, որ Մինսկն ու Թբիլիսին հավակնոտ ծրագիր են մշակել, որոնց նպատակը տեսանելի ապագայում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները 200 միլիոն դոլարի հասցնելն է:

Դատելով վերջին վիճակագրական տվյալներից` դա նրանց հաջողվում է: Եթե 2015-ին Բելառուսի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 45 միլիոն դոլար էր կազմում, ապա 2017 թվականի արդյունքներով արդեն այդ ցուցանիշը գերազանցել է 90 միլիոն ամերիկյան դոլարի շեմը: