ԿԳՆ-ն չի համագործակցելու «Չումբո» նախաձեռնության հետ

Անցյալ տարվա մայիսին մանկապատանեկան դիսկոտեկներ կազմակերպած և մասնագետների քննադատությանն արժանացած «Չումբո» խումբը օրերս հայտարարել էր, որ հանդիպել է Կրթության և գիտության նախարարին ու փոխնախարարին, և «երկու ժամ տևած ջերմ զրույցի» ավարտին որոշվել է Հայաստանի բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը վստահվելու է հենց իրենց։

«Չումբոն» նաև տեսանյութ էր տարածել, որտեղ խմբի ղեկավար Սմբատ Հակոբյանը իշխանություններին մեղադրում է իրենց ֆինանսապես չաջակցելու մեջ․ - «Քառասուն հազար աշակերտների հարյուր դպրոցներից լիովին անվճար սովորացրեցինք հայ ազգային քոչարին: Ոչ մեկ չեն ասում՝ այ երիտասարդներ ջան, սենց հսկա բան եք անում, եկեք մի բանով քյոմագ անենք ձեզ»:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն պնդում է, թե կայացածը ընդամենը աշխատանքային հանդիպում էր, որի ժամանակ և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ են հնչել, իսկ «Չումբոն» մոնտաժել ու ներկայացրել է հանդիպման իր տարբերակը․ - «Ցանկացած կազմակերպության հետ երբ որ համագործակցում ենք, դրանից առաջ լինում է աշխատանքային քննարկում: Եվ մեղմ ասած՝ ճիշտ չէ աշխատանքային քննարկումը հրապարակել․․․ Ցանկացած նախաձեռնությունը, որը կարող է օգուտ բերել կրթության համակարգին, ողջունելի է: Բայց տվյալ կազմակերպությունը պետք է ներկայացնի հստակ ծրագիր: Որևէ ծրագիր չի ներկայացվել»:

Ի տարբերություն Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանը «Չումբո»-ի ծրագիրը ստացել է, սակայն, քաղաքապետարանի աշխատակազﬕ հանրակրթության վարչության պետ Աննա Սեփանյանի փոխանցմամբ՝ իրենք դրան բացասական գնահատական են տվել․ - «Անցյալ միջոցառման հետ կապված ունեցել ենք քննարկումներ մանկավարժների հետ, տնօրենների հետ, ովքեր ունեցել ենք իրենց բացասական վերաբերմունքը: Եվ այս վերաբերմունքի հիման վրա, կարդալով նաև իրենց իսկ ներկայացրած ծրագիրը, ես դեմ եմ արտահայտվել այս ծրագրին: Եվ եթե ուշադիր լինեիք, մոնտաժված ամբողջ տեսանյութում իմ ասած որևէ խոսք չկար»:

Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն ասում է, որ մինչ Կրթության և գիտության նախարարությունն ու քաղաքապետարանը իրենց եզրակացությունները կտային, վեց ամսվա ընթացքում «Չումբո»-ն հասցրել է շուրջ 90 դպրոցների հետ գործունեություն ծավալել։ Ավագանու անդամի խոսքով, հենց քաղաքապետարանն է բանավոր համաձայնություն տվել, ինչից հետո էլ «Չումբո»-ն առնվազն տարակուսելի ժամանցային միջոցառումներ է կազմակերպել․ - «Ես երեկ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի հետ եմ զրուցել, և նա ասաց, որ պայմանագիր չի ստորագրվել, բայց իրենց գիտությամբ, իրենց թույլտվությամբ էդ կազմակերպությունը հնարավորություն է ունեցել մուտք գործել դպրոցներ: «Չումբո»-ի գործունեությունը ուսումնասիրելուց արդեն ակնհայտ է դառնում, որ էս կազմակերպության մուտքը առհասարական հանրակրթության ոլորտ խստիվ պետք է արգելվի»:

Նախորդ տարի «Ազատությունը» ներկա է եղել Երևանի երկու համայնքների 10 դպրոցների 1-10 դասարանների աշակերտների համար միաժամանակ կազմակերպված խնջույքին։ Տոթ, պատշաճ օդափոխություն չունեցող սրահում դասերից հետո հարյուրավոր երեխաների վաճառվում էր ջուր, չիպսեր, տորթեր:

Երեխաների իրավուների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ «Չումբոն» բիզնես նպատակ է հետապնդել, իսկ երեխաների շահն անտեսվել է։

Թեև Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է, որ նախաձեռնող խմբի գործունեության մեջ բազմաթիվ խախտումներ է գտել, այդուամենայնիվ, նկատողություն «Չումբո» նախաձեռնությունը, կամ նրանց հետ համագործակցող դպրոցի տնօրենները չեն ստացել։ Ավելին՝ ավելի վաղ պաշտոնյաները խմբի հասցեին գովեստներ էին շռայլել:

«Հարգելի պաշտոնյաներ, նման կազմակերպությունների հասցեին գովեստի խոսքեր հնչեցնելուց առաջ պետք է ուսումնասիրել, թե ում հետ գործ ունեք: Կրթության փոխնախարար, Մշակույթի փոխնախարար․․․ Պատկերացնում եք՝ Մշակույթի փոխնախարարը գովեստի խոսքեր է հնչեցնում «Չումբո»-ի հասցեին: Սրանով ամեն ինչ հասկանում ենք էդ գերատեսչության վերաբերյալ», - ասաց Արայիկ Հարությունյանը: