Բելառուսի նախագահը այսօր ժամանում է Թբիլիսի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Այսօր մեկնարկում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Վրաստան: Երկօրյա այցի ընթացքում Բելառուսի նախագահը կհանդիպի Վրաստանի ղեկավարների, ինչպես նաև Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլյա երկրորդի հետ, կմասնակցի «Մինսկի օրեր» կոչվող մշակութային ծրագրի բացմանը:

Այսօր Թբիլիսիում մեկնարկող բանակցությունների հիմնական նպատակը, սակայն, ըստ բելառուսական աղբյուրների, նախևառաջ երկկողմ տնտեսական կապերի ամրապնդումն է: Սա Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան վերջին երեք տարիների ընթացքում: Հենց 2015-ին կայացած այցից հետո էր, որ Վրաստանն ու Բելառուսը սկսեցին զգալիորեն խորացնել կապերը տնտեսական ասպարեզում: Եթե 2015-ին Բելառուսի և Վրաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունը 45 միլիոն դոլար էր կազմում, ապա 2017 թվականի արդյունքներով արդեն այդ ցուցանիշը գերազանցել է 90 միլիոն ամերիկյան դոլարի շեմը:

Թբիլիսիում Բելառուսի դեսպան Միխայիլ Մյատլիկովը Belta գործակալությանը տված հարցազրույցում նշում է, որ երկու երկրների կառավարությունների նպատակը երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը տեսանելի ապագայում 200 միլիոն դոլարի հասցնելն է: «Ճանապարհի կեսը մենք արդեն իսկ անցել ենք», - նշում է դիվանագետը` հավելելով նաև, որ վերջին տարիներին Վրաստանը ավելի մեծ թվով բելառուսցի զբոսաշրջիկների է սկսել հրապուրել:

«2015 թվականին Վրաստան այցելած Բելառուսի քաղաքացիների ընդհանուր թիվը հասնում էր 28 հազարի: 2017-ին արդեն նրանց թիվը 50 հազար էր», - նշում է դեսպանը:

Ուղիղ մեկ տարի առաջ` 2017-ի մարտին, Մինսկ էր մեկնել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այդ այցի ընթացքում Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցներից մեկը համարվող Բելառուսի նախագահը հատուկ ընդգծում էր, որ պաշտոնական Մինսկը անվերապահորեն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Բացի այդ, Լուկաշենկոն նշում էր, որ վրացական իշխանությունները Արևմուտքում շարունակաբար աջակցում են Մինսկին:

«Ես ցանկանում եմ ձեզ մեծ երախտագիտություն հայտնել այն դիրքորոշման համար, որ դուք որդեգրել եք միջազգային կառույցներում, Եվրամիությունում, արևմտյան պետությունների հետ բանակցությունների ընթացքում` աջակցելով Բելառուսին, պաշտպանելով մեր երկրի շահերը», - հայտարարում էր Լուկաշենկոն 2017-ի գարնանը: