Թրամփը հայտարարում է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես զանգահարել և շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի մարտի 18-ի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Թրամփը քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում:

Ընդ որում, The Washington Post-ը այսօր գրել է, որ Թրամփի օգնականները խորհուրդ էին տալիս նրան չշնորհավորել: Հեռախոսազրույցից առաջ օգնականները նրա սեղանին են դրել մեծ տառերով գրված «Մի՛ շնորհավորեք» երկտող: Թրամփը, սակայն, կա՛մ չի տեսել այդ գրառումը, կա՛մ գերադասել է չհետևել խորհրդին։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: «Կարծում եմ, մոտ ապագայում մենք կհանդիպենք՝ սպառազինության մրցավազքը քննարկելու համար», - ասել է Թրամփը: Նա ընդգծել է, որ Պուտինը ընտրություններից հետո անմիջապես հայտարարել է մրցավազքը կրճատելու անհրաժեշտության մասին:

Սրա հետ մեկտեղ, Դոնալդ Թրամփը շեշտել է, որ 2018 թվականին ԱՄՆ ռազմական բյուջեն կազմում է 700 միլիարդ դոլար, ԱՄՆ-ը այսօր ցանկացած երկրից ուժեղ է սպառազինության առումով, ու ինքը՝ որպես նախագահ, թույլ չի տա, որ որևէ այլ երկիր նույնիսկ հավասարվի Միացյալ Նահանգների հետ ռազմական հզորության հարցում:

Ռուսաստանի այս տարվա ռազմական բյուջեն 49 միլիարդ դոլար է:

ԱՄՆ նախագահի հեռախոսազանգի մասին առաջինը հայտարարել է Կրեմլը: Մինչ այդ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հանգստացնում էր լրագրողներին, թե դեռ ժամանակ կա:

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից անմիջապես հետո Կրեմլը հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ ԱՄՆ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին, և որ հեռախոսազրույցի ժամանակ երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև սիրիական և ուկրաինական ճգնաժամերը, իրավիճակը Կորեական թերակղզում, ընդգծել են երկկողմ շփումների զարգացման և ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը:

Կրեմլը ընդգծում է, որ երկու երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման հետ կապված հարցերին:

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է երեկվա հեռախոսազրույցից որոշ մանրամասներ հայտնել: Նա, մասնավորապես, ասել է, թե կոնկրետ պայմանավորվածություն, թե որտեղ և երբ կարող է նման հանդիպումը կայանալ, չկա:

«Միայն կարող եմ ասել, որ նախագահները պայմանավորվել են հանձնարարել արտաքին գործերի նախարարներին նման հանդիպման նախապատրաստման աշխատանքներ սկսել»,- ասել է Պուտինի խոսնակը:

Պեսկովի փոխանցմամբ՝ երկու նախագահներն էլ համաձայնել են այն մտքի հետ, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինության մրցավազքը ցանկալի չէ։ Սրա հետ մեկտեղ, Պեսկովի խոսքով, Կրեմլում հետևություն են արել, որ Վաշինգտոնը լսել է Պուտինի ուղերձը Դաշնային խորհրդին, որի ժամանակ, հիշեցնեմ, Ռուսաստանի նախագահը մոտ մեկ ժամ Ռուսաստանի նոր միջուկային անխոցելի հրթիռների մասին տեսահոլովակներ և անիմացիոն ֆիլմեր էր ցուցադրել։

Հիշեցնենք, Թրամփի ընտրվելուց հետո ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները երկու անգամ են հանդիպել: Անցած տարի հուլիսին Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ Համբուրգում, նոյեմբերին նրանք կարճատև, «ոտքի վրա» հանդիպում են ունեցել Վիետնամում անցկացված Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության համաժողովի շրջանակում:

Հավելենք, որ ի տարբերություն արևմտյան որոշ երկրների ղեկավարների, որոնք փոքր-ինչ ուշացումով են շնորհավորել Պուտինին, Չինաստանի և հետխորհրդային երկրների ղեկավարները նրան շնորհավորել են նախագահական ընտրությունների առաջին, դեռ նախնական տվյալները հրապարակելուց անմիջապես հետո։

Հավելենք նաև, որ Թրամփի հեռախոսազանգը Պուտինին նախագահական ընտրություններից հետո դարձել էր ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերությունների երեկվա քաղաքական թոք շոուների հիմնական թեման։