Եթե որևէ մեկը հրապարակի Նիկոլ Փաշինյանի մատնանշած տեսաձայնագրությունը, նրան կարելի է դատի տալ՝ նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար, «Ազատությանը» տված հարցազրույցում շեշտեց նախկին գլխավոր դատախազ, խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Գևորգ Կոստանյանն «Ազատությանն» ասել էր, թե «Մարտի1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին չի հարցաքննել, քանի որ այն, ինչի մասին խոսել է Քոչարյանը, որ «ինչ-որ մարդիկ դուրս են գալիս մեքենաների հետևից և կրակում զինվորների վրա», այդ ամենը տեսաձայնագրություններով նախաքննական մարմինն ունի։
Փաշինյանը մինչդեռ պնդում է՝ նախաքննական մարմինը չի կարող ունենալ այդպիսի տեսաձայնգրություն: Եթե կա, ապա Գլխավոր դատախազությունը պետք է հրապարակի դրանք, հակառակ դեպքում պարտավոր կլինի հարցաքննել և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Կոստանյանին:
«Պարոն Փաշինյանն ասում է մարտահրավեր՝ կա՛մ թող ցույց տան ձայնագրությունները, կա՛մ ստում են։ Էդ ձայնագրությունը ոչ մեկ չի կարող ցույց տալ քանի քրեական գործն ընթացքի մեջ է, Ռուզաննա ջան, և էդ ձայնագրությունը, եթե որևէ մեկը հիմա ցույց տա, իրեն կարելի է դատի տալ՝ նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար։ Ես զարմանում եմ, անկեղծ ասած, որ պարոն Փաշինյանը կարող է ինձ կամ Գլխավոր դատախազին նման մարտահրավեր ուղարկել՝ քրեական հանցագործություն կատարելու եղանակով, այսինքն՝ կա՛մ հրապարակեք, կա՛մ սուտ եք ասում։ Անհարմար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոստանյանը։
Հարցին, թե դրան ծանոթանալու հնարավորություն տուժողի իրավահաջորդներն ունե՞ն, Կոստանյանը պատասխանեց. - «Տուժողի իրավահաջորդները Քրեական դատավարության օրենսգրքով բազմաթիվ իրավունքներ ունեն, այդ թվում՝ գործի նյութերին ծանոթանալու»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Գևորգ Կոստանյանն իր հետ զրույցում հրաժարվել է նախկինում արած հայտարարությունից, մասնավորապես, որ ադ տեսաձայնագրություններն առկա են, նախկին Գլխավոր դատախազը պնդեց՝ երբևէ իր կյանքի ընթացքում իր ասածներից չի հրաժարվել։
Կոստանյան. - Ամոթալի կլինի ինձ համար հատկապես, որ ես երբևէ ինչ-որ բան ասեմ և հետո ասեմ՝ տենց բան չկա։ Իմ կենսագրության ընթացքում դա բացառվում է։
«Ազատություն». - Որպեսզի հստակություն մտնի այս հարցում՝ կա՞ տեսաձայնագրություն այն մասին, ինչի վերաբերյալ իր հարցազրույցում նշել էր Ռոբերտ Քոչարյանը, որ «որոշ մարդիկ դուրս են գալիս մեքենաների հետևից, կրակում զինվորների վրա և նորից թաքնվում մեքենաների հետևում»։ Կա՞ Քոչարյանի այս ասածը փաստող տեսաձայնագրություն։
Կոստանյան. - Շատ հստակ հարցրեցիք, ես հիմա շատ հստակ պատասխան տամ՝ էն, ինչ-որ տվել եմ էս ամբողջ ընթացքում. բոլոր տեսաձայնագրությունները, որոնց մասին խոսում է Ռոբերտ Քոչարյանը, որոնց վրա հիմնվելով հայտարարություն է արել Ռոբերտ Քոչարյանը, որպես երկրորդ նախագահ և ոչ միայն այդ ձայնագրությունները, ինչ ձայնագրություն, որ կա «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ, բոլոր ձայնագրությունները գտնվել և գտնվում են նախաքննության տրամադրության տակ։
«Ազատություն». - Այդ թվում մեքենաների հետևից դուրս գալու և զինվորների վրա կրակելու, թաքնվելու դրվա՞գը։
Կոստանյան. - Այդ թվում՝ հանրապետության նախագահի կողմից այդ առնչությամբ արված հայտարարությունների մասով։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն, ով ակտիվ դերակատարություն ուներ «Մարտի 1»-ի իրադարձություններում, պնդում է՝ նախաքննության մարմինը չի կարող ունենալ այդպիսի տեսաձայանգրություն, որտեղ երևում է, թե ինչ-որ մարդիկ դուրս են գալիս մեքենաների հետևից և կրակում զինվորների վրա։
Ըստ Փաշինյանի, ինքն այդ պահին իրադարձությունների կիզակետում էր, և նման դրվագ տեղի չի ունեցել: Մինչդեռ նախկին Գլխավոր դատախազը հակադարձում է՝ Փաշինյանը չէր կարող տեսնել, թե ինչ է կատարվում այդ հսկայական տարածքում, առաջարկելով այդ հարցն անգամ ուղղել ակնաբուժին:
«Հարյուր Նիկոլ Փաշինյան էլ լիներ այդտեղ կանգնած, ինքը չէր կարող տեսնել, թե Շահումյան հրապարակում և հարակից տարածքներում ինչ էր կատարվում և կոնկրետ ֆիքսեր։ Եթե Նիկոլ Փաշինյանը տենց արտառոց կարողություններ ունի, ամենայն անկեղծությամբ եմ ասում, հեգնանքով չեմ ասում, ես չունեմ տենց հնարավորություն, այսինքն՝ զուտ ֆիզիոլոգիական տեսակետից, թող մի հատ մասնագետի, գուցե ակնաբույժի մոտ գնա, որպես մասնագետ հարցնեք, ասեք հնարավոր է արդյո՞ք մոտավորապես 10 հազար քառակուսի մետր տարածքը, եթե ոչ ավել և մոտ 20-30 հազար, եթե ոչ ավել անձանց գործողություններին հստակ հետևողականություն ցուցաբերել։ Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է», - ասաց Կոստանյանը։
Ըստ նախկին գլխավոր դատախազի, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող վերահսկել ողջ Շահումյանի հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները, նաև չի կարող պնդել, թե չկա նման տեսաձայնագրություն, քանի որ չի տիրապետում նախաքննության մարմնի բոլոր նյութերին: Այսինքն՝ ոչ դատավարական, և ոչ էլ ֆիզիոլոգիական տեսանկյունից Փաշինյանը նման պնդում անել չի կարող:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի պետք է հարցաքննվի նաև Կոստանյանը, նախկին գլխավոր դատախազն ասաց, թե դեմ չէ, թող Փաշինյանը դիմի նման պահանջով:
«Թող դիմի, դա իր իրավունքն է։ Եթե նախկին Գլխավոր դատախազը որևէ հարցով որևէ հանցագործության կապակցությամբ հանդիսանա վկա, ոչ թե կարող է կանչել, այլ պարտավոր է կանչել», - ասաց Կոստանյանը։
Հավելենք, որ այսօր Ազգային ժողովը մերժեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը։
Ընդդիմադիր դաշինքն արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում էր խորհրդարանին իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին։