«Լինելու է մերկ ձեռքերի պայքար, բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու». Փաշինյան

«Մեր պայքարը լինելու է մերկ ձեռքերի պայքար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ որոշ մանրամասներ ներկայացնելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ առաջիկայում սպասվող «14+4» գործողությունների ծրագրից։

Փաշինյանն ընդգծեց՝ բռնությանը բռնությամբ չեն պատասխանելու։

Փաշինյան. - Մենք ասում ենք, որ մեր պայքարը լինելու է բացարձակապես ոչ միայն ոչ բռնի, այլև մերկ ձեռքերի պայքար՝ մեր ձեռքում չի լինելու քար, փայտ, ոչ մի բան, դա լինելու է մերկ ձեռքերի պայքար։

«Ազատություն». - Նույնիսկ եթե իշխանությունը բռնությա՞ն գնա։

Փաշինյան. - Այո՛, նույնիսկ եթե բռնության գնան, մենք որևէ բռնության բռնությամբ չենք պատասխանելու։

«Ազատություն». - Չեք էլ ինքնապաշտպանվելո՞ւ։

Փաշինյան. - Ոչ էլ ինքնապաշտպանվելու ենք։

«Ազատություն». - Ինչպե՞ս, թողնելու եք, որ ձեզ բռնությունների՞ ենթարկեն։

Փաշինյան. - Չէ, տեսեք, բայց որևէ մեկը չմտածի, թե սա լինելու է փխրուն, նրբիկ պայքար, որովհետև մենք ասում ենք՝ եթե մենք ինչ-որ մի տեղ կանգնած ենք, մեր նկատմամբ բռնություն են գործադրում, մենք պետք է գործենք քաղաքացիական պասիվ դիմադրության մեթոդով։ Ո՞րն է քաղաքացիական պասիվ դիմադրության մեթոդը. քաղաքացիական պասիվ դիմադրության մեթոդը հետևյալն է՝ եթե մեր նկատմամբ բռնություն են կիրառում, որպեսզի մենք էդտեղից հեռանանք, մենք ուղղակի էդտեղից չենք հեռանում, այդքան բան։

«Ազատություն». - Ստացվեց, որ դուք դիմադրություն եք ցույց տալիս իշխանության ներկայացուցչին, տվյալ դեպքում՝ ոստիկանին, ես ավտոմատով կրակելու մասին չեմ խոսում։

Փաշինյան. - Մենք մեր օրինական իրավունքներով մեր շահերը պաշտպանելու ենք՝ շատ հետևողական և շատ վճռական, բայց մենք բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու։ Էն ոստիկանը, որը պետք է մեր նկատմամբ ուժ գործադրի, ինքը պետք է տեսնի, որ մենք իր նկատմամբ ուժ չենք գործադրում և նման մտադրություն չունենք:

«Ազատություն». - Այսինքն՝ եթե ձեզ ուժով հեռացնե՞ն...

Փաշինյան. - Կփորձենք չհեռանալ, եթե կհեռացնեն, հեռացնելուց հետո կտեսնենք, թե որտեղ կհեռացնեն, այն ժամանակ կորոշենք, թե ինչ անենք, բայց ես, կներեք, մի բան եմ ուզում ասել՝ աշխարհում որևէ տեղ չկա, գոյություն չունի էդպիսի ինստիտուտ, որ, ենթադրենք, 50-100-հազարանոց հանրահավաքի նկատմամբ ուժ գործադրեն, չկա ուղղակի աշխարհում, որևէ ոստիկանական դասագրքում, կանոններում, էդպիսի բան գոյություն չունի։

«Ազատություն». - «Մարտի 1»-ն այդպիսին չէ՞ր։

Փաշինյան. - Ոչ, «Մարտի 1»-ն այդպիսին չէր, որովհետև այն ժամանակ, երբ Ազատության հրապարակ մտան ոստիկանները, հրապարակում 500-600 ցուցարար կար, և մտած ոստիկանների թիվը գերազանցում էր ցուցարարների թվին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.