«Նախկին գլխավոր դատախազ, պատգամավոր Գևորգ Կոստանյանը ստահոդ հայտարարություն է արել՝ նշելով, թե նախաքննական մարմինը ունի տեսագրություն, որն ապացուցում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերի իսկությունը, թե 10 տարի առաջ մարտի 1-ին մարդիկ դուրս են եկել ավտոբուսի հետևից կրակել, ապա թաքնվել», - այսօր Ազգային ժողովում 2008 թվականի մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում պնդեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ պաշտոնապես մարտահրավեր նետել Կոստանյանի այս հայտարարությանը, և պնդել, որ սա ստահոդ հայտարարություն է: Չկա նման տեսագրություն և չի կարող լինել: Եթե կա նման տեսագրություն, Գլխավոր դատախազությունը և համապատասխան մարմինները, ով որ ունի էդ տեսագրությունը, թող հրապարակի և հանրությանը ներկայացնի: Ես պնդում եմ, որ նման տեսագրություն չկա և չի կարող լինել»:
Դեռևս անցյալ ամիս «Ազատության» հետ զրույցում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշել էր․ - «Քոչարյանն ընդամենը փաստել է, որ կան նման ձայնագրություններ։ Իսկ ո՞վ է ասում, որ էդ ձայնագրությունները նախաքննության տրամադրության տակ չեն»։
«Չկա նման տեսագրություն: Եվ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ստում է», - հայտարարեց Փաշինյանը:
Այսօր ավելի ուշ, Ազգային ժողովում քննարկումից հետո «Ազատության» տաղավարում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատմեց, թե քննարկումից հետո արդեն իրեն է մոտեցել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու պնդել, թե հայտարարություն չի արել այն մասին, որ նախաքննական մարմինն ունի Քոչարյանի խոսքերն ապացուցող տեսագրություն․ - «Նա ասաց, որ՝ ես չեմ ասել, որ կա տեսագրություն, որտեղ երևում է, որ ոստիկանը մեքենայի հետևից դուրս է գալիս, կրակում է․․․ Ես ասել եմ, որ այն, որ Ռոբերտ Քոչարյանն ասել ա, որ մենք ժամերով տեսագրություններ ունենք և այլն, այդ տեսագրությունները կան նախաքննության մարմնի ձեռքի տակ: Մարտահրավերս նետում եմ, ասում եմ՝ հիմա կա՛մ իրենց ցույց են տալիս այդ տեսագրությունը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանին հրավիրում են հարցաքննության․․․ Եվ հիմա, էս հարցազրույցից հետո, կարծում եմ, կարիք կա հարցաքննել նաև Գևորգ Կոստանյանին, որովհետև այստեղ արդեն նախաքննության ընթացքը կեղծելու հատկանիշներ են ի հայտ գալիս այս հայտարարության մեջ: Որովհետև ինքը Ռոբերտ Քոչարյանին չհրավիրելը բացատրում է գոյություն չունեցող հանգամանքով»:
Այսօր ԱԺ-ում Մարտի 1-ի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելիս «Ելք» խմբակցությունը մեկ այլ հարցի վրա ևս հրավիրեց իշխող Հանրապետականի ուշադրությունը. ի՞նչ նկատի ունեն նրանք, երբ նշում են, թե Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները հեշտությամբ կարող են դիմել և փոխհատուցում ստանալ։
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը մանրամասնեց, թե Քաղաքացիական օրենսգիրքն է նրանց նման հնարավորություն տալիս․ - «Համենայն դեպս, Քաղաքացիական օրենսդրությունը այդպիսի կանոններ և նորմեր սահմանում է: Ստացվում է ընդամենը տուժողի իրավահաջորդների կողմից իրացնել իրենց այդ իրավունքը: Մենք արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ձեր կողմից մատնանշված անձինք չեն օգտվել օրենսդրությամբ իրենց վերապահված հնարավորություններից և իրավունքներից»:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հակադարձեց՝ Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով կոտրված ապակիներով խանութների տերերին փոխհատուցեցին դեռ 10 տարի առաջ՝ անգամ առանց նրանց դիմելու․ - «Կառավարությունը որոշում է ընդունել, և այդ որոշումով փոխհատուցել է այդ մարդկանց գումարները: Եթե չեմ սխալվում՝ 600 միլիոն դրամի շրջանակներում: Էդ ո՞նց էղավ, որ էդ պարագայում Կառավարության որոշումով փոխհատուցում է տրվում, իսկ զոհերի պարագայում ասում եք՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով գրացեք դիմեք դատարան, էդ փողերը ստացեք»:
Պատգամավոր Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ վնասի փոխհատուցման պահանջը ներկայացնելուց առաջ պետք է նախ բացահայտվի Մարտի 1-ի սպանությունների մեղավորը․ - «Այս գործով ես ներկայացրել եմ դիմում դատարան՝ ճանաչել իրավունքի խախտումը, որպեսզի կարողանանք վնասի հատուցման պահանջ ներկայացնենք: Դատարանը հրաժարվել է ճանաչել իրավունքի խախտումը»:
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այնուամենայնիվ պնդեց՝ եթե զոհերի հարազատները դիմեն փոխհատուցում ստանալու պահանջով՝ կստանան․ - «Մենք ունենք Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներ, որ բացարձակ հիմք է հանդիսանում, որպեսզի այս պրոցեսը գնա: Երկրորդը, ո՞վ ա ասում տուժող ճանաչված չեն: Եթե մարդիկ քրեական գործով տուժող ճանաչված չլինեին, չէին կարող օգտվել և՛ տուժողի իրավահաջորդի իրավասությունից, և՛ առավել ևս՝ Եվրոպական դատարան դիմելու իրավունքից: Եվ երրորդը՝ ամենակարևորը․ մեղավորությունն էլ չափանիշ չի, որովհետև տուժողի իրավունքները անկախ մեղավորին հայտնաբերելու փաստից է արդեն առկա»:
Մարտի 1-2-ի իրադարձությունների մասին «Ելք»-ի առաջարկած հայտարարությունը վաղը քվեարկության կդրվի Ազգային ժողովում։