Ընդդիմադիր «Ելք» դաշինքում ընդգրկված 3 կուսակցությունները՝ «Քաղացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու Հանրապետությունը, առանձին կգործեն Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում կանխելու համար:
Նշենք, որ այսօր ավելի քան 2,5 կես ժամ տևած քննարկումից հետո «Ելք»֊ն այդպես էլ վերջնական որոշում չկայացրեց: Սակայն դաշինքում ընդգրկված 3 ուժերը՝ «Քաղացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու Հանրապետությունը, համաձայնության են եկել, որ կուսակցությունները կարող են առանձին որոշումներ կայացնել և իրագործել դրանք:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրազեկել էր Երևանի քաղաքապետարանին, ապրիլի 1 ֊ին և 3 ֊ին Ազատության հրապարակում հանրահավաք, ապա երթ անցկացնելու մասին: Ինչպես «Ազատության» հարցին ի պատասխան նշեց «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, չի բացառվում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը այսօր կամ վաղը որոշում կայացնի Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին:
Փաշինյան․ ֊ Դաշինքում ճանապարհային քարտեզի մասին որոշում չկա, բայց արձանագրվել է ըմբռնում, որ առաջիկա անելիքների վերաբերյալ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է կայացնել որոշում և իրագործել այդ որոշումը:
«Ազատություն»․ ֊ Ճի՞շտ հասկացա, որ դուք որոշում եք կայացրել, որպեսզի առանձին֊առանձին երեք ուժերն էլ գործեն և դա չի նշանակելու, որ դաշինքը դրա արդյունքում կարող է պառակտվել:
Փաշինյան․ ֊ Այսինքն՝ ինչ ենք որոշել․․․ որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է այս իրավիճակում իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ և որոշումներ, որոնք հարյուր տոկոսով չեն համընկնում գործընկերների ծրագրի և որոշումների հետ և կարող է իրագործել այդ որոշումը: Սա՝ առաջինը: Երկրորդը՝ վաղը, օրինակ, Ազգային ժողովի հերթական նիստ է սկսվում: «Ելք» խմբակցությունը և դաշինքը բնականորեն կշարունակի գործել իր խորհրդարանական հարթակում, և, բնականաբար, մենք մեր քննարկումները կշարունակենք: Հիմա՝ ի՞նչ է փոխվել․ եթե մինչև հիմա ես Ձեզ ասում էի, որ կուսակցությունները առանձին֊առանձին որոշում չեն կայացնում, քանի որ կա դաշինքային ֆորմատով քննարկում, հիմա դաշինքային ֆորմատով քննարկումների շարունակությունը խոչընդոտ չէ, որպեսզի կուսակցությունները առանձին իրենց համար կայացնեն որոշում, ինչը չի նշանակում, որ դաշինքով քննարկումները չեն շարունակվում:
«Ազատություն»․ ֊ Ամսի երեքին և մեկին, ինչպես որ Դուք իրազեկել եք քաղաքապետարանին, Դուք կգնաք հրապարակ և դա որևէ ձևով չի՞ խոչընդոտի, որպեսզի Դուք շարունակեք քննարկումները:
Փաշինյան․ ֊ Ուրեմն տեսեք՝ ամսի մեկի և երեքի վերաբերյալ ես արդեն ասել եմ, որ մենք այդ օրերին Ազատության հրապարակում գործողություն անելու որոշում չունենք և չէինք էլ կարող ունենալ: Հիմա, եթե կլինի կոնկրետ օրը, կոնկրետ տեղում գործողություն անելու վերաբերյալ որոշում, մենք դա կհայտարարենք: «Քաղաքացիական պայմանագիրը» հիմա կարող է հայտարարել, որ ինքը երբևէ որևէ տեղ անում է որևէ միջոցառում: Այսօրվա քննարկումների բոլոր սցենարներում փողոց դուրս գալու տարբերակը ներկա էր, տարբերությունները դրա կոնֆիգուրացիան է տարբեր:
«Ազատություն»․ ֊ Ձեր առաջարկած 14 պլյուս 4 ֆորմատը ուժի մե՞ջ է մնում:
Փաշինյան․ ֊ 14 պլյուս 4 ֆորմատը «Քաղաքացիական պայմանագրի» առաջարկն է: Իմ անձնական կարծիքը այդ 14 պլյուս 4֊ի նկատմամբ դրական է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը սրա վերաբերյալ որոշում չի կայացրել և չեմ բացառում, որ այսօր֊վաղը կկայացնի որոշում:
«Ազատություն»․ ֊ Իսկ իսկապե՞ս, ինչպես «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներն են նշում, «Ելք»֊ում մեծամասնությունը դեմ էր Ձեր առաջարկած ճանապարհային քարտեզին: Դա այդքան անընդունելի՞ առաջարկ էր, որ մեծամասնությունը դաշինքում, ինչպես նրանք են նշում, դեմ է:
Փաշինյան․ ֊ Արդեն ասացի, որ այսօր մեր քննարկումների ընթացքում թե՛ «Լուսավոր Հայաստան», թե՛ բոլորի պատկերացումներում փողոց դուրս գալը, որպես հանգրվան և միջոց ներկա է:
«Ազատություն»․ ֊ «Լուսավոր Հայաստանը» դեմ չէ՞ փողոցին:
Փաշինյան․ ֊ Նրանք երբեք էլ չեն բացառել դա:
«Ազատություն»․ ֊ Բայց ասում են՝ չենք ուզում տանել, հուսախաբ անել մարդկանց: Ստացվում է՝ Դուք ուզում եք տանել հուսախաբության, իսկ իրենք դեմ են այդ առաջարկին:
Փաշինյան․ ֊ Այդպիսի մեկնաբանությունները տեղին չեմ համարում:
«Ազատություն»․ ֊ Ինչո՞ւ չեք ցանկանում բացել փակագծերը, որպեսզի հանրության համար էլ պարզ լինի, թե Ձեր այս անվերջ քննարկումների պատճառը որն է: Ի՞նչ եք Դուք առաջարկում, ի՞նչ եք թաքցնում:
Փաշինյան․ ֊ Եթե նույնիսկ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիրը», օրինակ՝ այսօր հաստատի վերջնական ծրագիրը, այդ ծրագիրը հնարավոր է մենք այսօր֊վաղը և մյուս օրը չհրապարակենք, ուղղակի ասենք, որ մենք որոշում ենք կայացրել, իսկ որոշման ամբողջական փաթեթը կներկայացնենք գործողությունների ծրագրի առաջին օրը, որովհետև շատ հնարավոր է, որ մենք վնասակար ենք համարում այս փուլում բոլոր խաղաթղթերը բացելը:
«Ազատություն»․ ֊ Այսինքն այդ քննարկումները չեք բացում նույն այդ մտահոգությունը ունենալով հանդե՞րձ:
Փաշինյան․ ֊ Նաև: Որովհետև եթե շատ մանրամասն ներկայացնենք, թե ինչ առաջարկներ կան, նշանակում է պետք է նաև այդ առաջարկները բացենք, հետո ասենք՝ ինչը ինչի հետ չի համընկնում:
«Ազատություն»․ ֊ Դուք «Ելք» դաշինքի պառակտումը բացառո՞ւմ եք:
Փաշինյան․ ֊ Ես հետևյալն եմ ասում, որ երբեք ոչ ոք որևէ բան չի կարող բացառել: Բայց ես կարող եմ ասել, որ դաշինքում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առողջ աշխատանքային մթնոլորտ:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանը, ցանկություն են հայտնել ապրիլի 14-ից շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել, սակայն քաղաքապետարանը իրազեկումը ի գիտություն չի ընդունել: Փոխարենը առաջարկվել է ապրիլի 13-ին, 14-ին և 15-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնել մինչև ժամը 23:00-ն: Ընդ որում, քաղաքապետարանը սահամանափակում է մտցրել երթուղում, առաջարկելով շրջանցել Բաղրամյան պողոտան, որտեղ տեղակայված է նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրը: