«Ազատության» հարցին, թե արդյոք Եվրոպայի համար մտահոգիչ չեն Հայաստանյան զարգացումներն ու ընդդիմության արտահայտած մտավախությունը, որ Սերժ Սարգսյանը երկրորդ ժամկետի ավարտից հետո էլ կպահպանի իշխանությունը վարչապետի պաշտոնում՝ Հայաստանը մոտեցնելով ավտորիտար պետություններին, Մարեկ Ռուցկին պատասխանեց․ - «Իրականում յուրաքանչյուր պետություն իրավունք ունի յուրովի կառուցելու իր քաղաքական դաշտը: Ամենուրեք այդպես է: Շատ հաճախ, եթե արմատական փոփոխություններ են իրականացվում, դրանք բուռն քննարկումների են արժանանում: Բնականաբար, եթե ներկայիս կառավարման մոդելը քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու այն»:
Ռուցկին նաև նշեց, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների մասին խոսել է հայաստանյան քաղաքական գործիչների հետ․ - «Մեր աշխատանքային քննարկումների ընթացքում խոսվեց նաև տրանսֆորմացիայի մասին՝ հենց այդ փորձի փոխանակումը, քանի որ Լեհաստանը նույնպես այդ ճանապարհը անցել է»:
Ինչ վերաբերում է այս օրերին միջազգային հիմնական թեմային՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրությանը, Մարեկ Ռուցկին ասաց․ - «Վլադիմիր Պուտինի վերընտրությունը, բնականաբար, է՛լ ավելի է ամրացնում իր դիրքերը Ռուսաստանում, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը տնտեսապես անկում է ապրում: Ինչպես Ռուսասատանը, այնպես էլ Ադրբեջանը հույսը դնում են իրենց բնական ռեսուրսների վրա, սակայն զարգացման առումով դա հեռանկարային չէ: Ես որպես տնտեսագետ կարող եմ ասել, որ հեռանկարը և զարգացումը տեսնում եմ մեր պետությունների տնտեսական հզորացման մեջ: Եթե մենք տնտեսապես հզոր լինենք, կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները: Հույս ունեմ, որ Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը հնարավորություն կտա մեզ ավելի բարձր մակարդակի հասցնել»:
Ապրիլի սկզբին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի Եվրամիության հետ նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մարեկ Ռուցկին հայտարարեց, որ Հայաստանի կողմից փաստաթուղթը վավերացվելուց հետո, Լեհաստանը հնարավորինս արագ այն կվավերացնի, ինչպես նաև կմիջնորդի, որ այդ գործընթացը արագացվի նաև Վիշեհրադյան խմբի երկրներում:
Գործընթացը, ըստ նրա, բավական երկար կտևի: Սակայն կարևորը սկսելն է՝ թեկուզ փոքր քայլերով:
Ինչ վերաբերում է ընդհանրապես Եվրամիության Արևելյան գործընկերության
ծրագրին, ապա Մարեկ Ռուցկին փոխանցեց, որ Բրյուսելը մտադիր է ընդլայնել այն․ - «Բրյուսելը ցանկանում է Արևելյան գործընկերության ծրագիրը ընդլայնել, ներառել այն ավելի մեծ ծրագրում և ֆինանասավորել այն»: