Լոռեցի ատամնաբույժները հրաժարվում են միանալ էլեկտրոնային առողջապահական համակարգին: Կառավարությունը, հիշեցնենք, դեռ անցած տարվա ամռանը փոփոխություններ է կատարել լիցենզավորման կարգում, ըստ որոնց, բոլոր առողջապահական կազմակերպությունները գործունեության թույլտվություն ստանալու համար պետք է միանան «Արմեդ» կայքի էլեկտրոնային համակարգին և մուտքագրեն յուրաքանչյուր այցելուի պատմությունը՝ հիվանդությունից ու դեղորայքից մինչև բուժում։
Լոռեցի ատամնաբույժները, մինչդեռ, անհիմն և անիմաստ են համարում էլեկտրոնային համակարգին միանալը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Արթուր Թադևոսյանի հետ հանդիպմանը ոլորտի ավելի քան վեց տասնյակ ներկայացուցիչներ փորձեցին հասկանալ փոփոխությունների նպատակը, բայց այն այդպես էլ պարզ չդարձավ:
Ատամնաբույժներից մեկը հետևյալ դիտարկումն արեց. - Որ սարքեցիք, ինչ-որ ընդհանուր համակարգ, դուք կարող եք կամպյուտերում նայել, որ Համզաչիման գյուղում, ինչ-որ մեկի ատամը հանեցին կամ մեկինը բուժեցին, դա ձեզ ի՞նչ է տալու:
- Ես տենց պրիմիտիվ ձևով չէի մոտենա, բայց թափանցիկության հարց է, -պատասխանեց Թադևոսյանը:
- Ախր ու՞մ է պետք այդ թափանցիկությունը:
- Պետությանը, կառավարությանը:
-Ախր կառավարությունը թափանցիկ չի, դուք չեք թափանցիկ, ինչո՞ւ եք ուզում մենք թափանցիկ դառնանք, - Թադևոսյանին հակադարձեց ատամնաբույժը:
Հանդիպման մասնակիցներին զայրացրեց նաև այն հանգամանքը, որ ինչ-ինչ պատճառներով համակարգը սպասարկող «Արմեդ» ընկերության ներկայացուցիչները չէին ներկայացել, իսկ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Արթուր Թադևոսյանի պատասխանները չբավարարեցին լոռեցի ատամնաբույժներին:
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը հուզող հարցերի պատասխաններ հստակ չհնչեցին: Այս հանգամանքից զայրացած ատամնաբույժները նախարարության ներկայացուցչին պարզապես ներկայացրին իրենց պահանջները և հեռացան: Ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը նախ ընթերցեց, ապա Թադևոսյանին հանձնեց իրենց բոլորի կողմից ստորագրված առաջարկը, որում ներկայացված էր տասը կետից բաղկացած մտահոգություններն ու վտանգները, որոնք ի հայտ կգան համակարգը ներդնելու պարագայում:
Ի դեպ մարտի 18-ին Լոռու մարզի ստոմատոլոգների կողմից իրականացված ժողովի ժամանակ որոշում է կայացվել հրաժարվել միանալ համակարգին, իսկ իրենց պահանջները չբավարարելու դեպքում չեն բացառում, որ համահայկական գործադուլ կսկսեն: