Ուսանողները պնդում էին, որ մինչև իրենց պահանջները չբավարարվեն, դասադուլը չեն դադարեցնի:
«Պահանջներից մեկը Խորիկյանին և Համբարյանին աշխատանքի վերադարձնելն է: Ուսանողների շահերի պաշտպանություն և այլն․․․ Հատուկ կետ ենք նշել՝ բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը պարտադիր ապահովվի բուհի կայքէջում», - «Ազատությանն» ասաց դասադուլավորներից մեկը:
«Կշարունակվի այնքան, մինչև մենք կհասնենք մեր նպատակին: Այսինքն՝ հետ կվերադարձնեն աշխատանքի մեր դասախոսներին», - հավելեց մեկ այլ ուսանող:
Աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը, հիշեցնեմ, դեռ անցած սեպտեմբերից ի վեր ռեկտորին մեղադրում են կոռուպցիայի, բուհի գումարները փոշիացնելու մեջ:
Այսօր դասադուլավոր ուսանողներին մի քանի դասախոսներ լսեցին: Նաև բանավեճ ծավալվեց բուհի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանի ու ուսանողների միջև:
Երբ ուսանողները բարձրաձայնեցին իրենց պահանջները, ռեկտոր Սահակ Մինասյանը հայտարարեց․ - «Աշխատանքից ազատման որոշումը չի բեկանվի: Որոշումների կայացման քննարկումը և համապատասխանաբար այլ որոշման հանգելը կարող է որոշել միայն դատարանը»:
Ինչ վերաբերում է ուսանողների դասադուլին ու բողոք նամակին, ըստ ռեկտորի, նրանց հրահրում են․ - «Ցավով պիտի նշեմ, որ էս էլ որերորդ անգամ նեղ անձնական շահերի համար սին տեղեկատվություններով փորձում են ուսանողներին ապակողմնորոշել»:
Անցած շաբաթ աշխատանքից ազատված դասախոսներից մեկը՝ Գագիկ Համբարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ արդեն պատրաստվում են դիմել դատարան․ - «Մենք ամբողջությամբ հիմա փաթեթը պատրաստում ենք»:
Բուհի ուսանողները ուսումնական տարվա սկզբին ևս դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով ամբիոնի վարիչի պաշտոնից չհեռացնել ռեկտորին քննադատած Հովհաննես Խորիկյանին: Խորիկյանը վերադարձավ պաշտոնին, սակայն 6 ամիս անց ազատվեց աշխատանքից: