Ուկրաինայի ԱԳ նախարարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Գերմանիայի նախկին կանցլերի նկատմամբ

Գերհարդ Շրյոդեր, արխիվ

Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին համարել է «Պուտինի կարևոր լոբբիստը ամբողջ աշխարհում»: Նա կոչ է արել Արևմուտքում Պուտինի ծրագրերը պաշտպանողների դեմ պատժամիջոցներ սահմանել:

Կանցլերի պաշտոնից հետո Գերհարդ Շրյոդերը 2005-ից ընդգրկված է ռուսական գազը Եվրոպա հասցնելու ծրագրերում: Նա դարձել է «Հյուսիսային հոսք- 2», այնուհետև՝ «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը:

Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի խորհրդարանների ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել` նշելով, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի նպատակը Եվրոպան Ռուսաստանից կախվածության մեջ գցելն է:

Գերմանիան պաշտպանում է գազատարի կառուցումը՝ համարելով, որ դա տնտեսական, այլ ոչ թե քաղաքական հարց է: «Հյուսիսային հոսք-2» ծրագրով նախատեսվում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի մատակարարում Գերմանիա: