«Չեմ կարծում, որ եթե չստացվի կոնսենսուսի գալ, դա հանգեցնելու է «Ելք»-ի փլուզմանը». Միրզոյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շուրջ դաշինքում կոնսենսուսի չգալու դեպքում «Ելք»-ը կփլուզվի։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Միրզոյանն ասաց, որ ինքն այդտեղ մեծ խնդիր չի տեսնում։

«Ելք» դաշինքը կա, և նույնիսկ չեմ էլ կարծում, որ եթե չստացվի կոնսենսուսի գալ, դա հանգեցնելու է անպայմանորեն «Ելք» դաշինքի փլուզմանը։ Ի վերջո, ամեն մարդ նաև ինքն իր հետ պետք է հաշտ լինի, և եթե, օրինակ, ես իմ քայլն անեմ այդ ուղղությամբ, իսկ «Լուսավոր Հայաստանի» կամ «Քաղաքացիական պայմանագրի» կամ «Հանրապետություն» կուսակցության այս կամ այն գործընկերը էդ քայլը չկիսեն, մեծ խնդիր չկա․ մենք պայմանավորվել ենք վարել համատեղ քաղաքական գործունեություն, բայց դա չի նշանակում, որ դա պետք է լինի մեր միակ քաղաքական գործունեությունը: Այսինքն՝ մենք կարող ենք ունենալ նաև ոչ համատեղ քաղաքական գործունեություն, եթե ծայրահեղ դեպքում կոնսենսուս չլինի, ապա սա է առավելագույն ռիսկը, որ կա «Ելք» դաշինքի հետ, էդպես ապոկալիպտիկ մոտեցումները չեմ կիսում», - ասաց Միրզոյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, ոչինչ չպետք է ինքնանպատակ լինի։ «Հիմա ես որպես անդամ, որպես քաղաքական գործիչ չեմ կարող ինքս ինձ հետ հաշտ լինել, ներդաշնակ լինել՝ իմանալով, որ ես չարեցի ամեն հնարավորը, որ ես Հայաստանի ադրբեջանացումը կանխեմ, այդ թվում՝ փողոցային պայքարի, հիմա սա իմ՝ որպես անձի մոտեցումն է և զգացողություններն են, եթե կուզեք։ Պարզվում է, օրինակ, որ «Քաղաքացիական պայմանագրում» շատերը կիսում են, օրինակ, այս զգացողությունները, հետևաբար ստացվում է, որ մարդիկ ուզում են ինչ-որ բան անել էս ուղղությամբ։ Հիմա կա «Քաղաքացիական պայմանագրից» բացի նաև «Ելք» դաշինք, և ընթանում են կոնսուլտացիաներ գործընկերների հետ՝ մի մասը մի քիչ էսպես է տեսնում, մի մասը` մի քիչ էնպես, Դուք ասում եք, օրինակ, «Լուսավոր Հայաստան», ես էլ կհիշեցնեմ «Հանրապետության» կուսակցությունից Արտակ Զեյնալյանի դիտարկումը մամուլի, որտեղ Զեյնալյանն ասում է, որ հանրահավաքային պայքար պետք է լինի և դա զուգորդվի պառլամենտում ինստիտուցիոնալ պայքարով՝ մեր վարչապետի թեկնածուի ներկայացմամբ և այլն։ Կան բազմաթիվ մոտեցումներ։ Սկզբունքային են սրանք թե ոչ, գիտեք՝ և՛ այնպես կարելի է ասել, և՛ այնպես, մեծ հաշվով ես անձամբ շատ մեծ խնդիր չեմ տեսնում», - ասաց Միրզոյանը։

Ապրիլի 9-ին, երբ կավարտվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, խորհրդարանական խմբակցությունները 7-օրյա ժամկետում պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին։ Ու թեև իշխող ՀՀԿ-ն դեռ չի հայտարարել, թե ով է լինելու իրենց թեկնածուն, ընդդիմադիրները վստահ են՝ դա Սերժ Սարգսյանն է։​

«Ելք»-ը դեմ է Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետին, սակայն նրա վարչապետությունը կանխելու «ճանապարհային քարտեզի» շուրջ դաշինքում տարաձայնություններ կան։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.