Արևելյանի Գուտայի ընդդիմադիրները բանակցում են ՄԱԿ-ի հետ հրադադար հաստատելու շուրջ

Արևելյան ԳուտաՅի բնակիչները

Սիրիայի Արևելյան Գուտա շրջանի ընդդիմադիր ուժերը հայտարարել են, թե բանակցում են ՄԱԿ-ի առաքելության հետ` հրադադար հաստատելու, առաջին անհրաժեշտության օգնություն ստանալու շուրջ:

«Մենք լուրջ բանակցություններ ենք վարում, որոնց ամենակարևոր կետերն են հրադադարը, խաղաղ բնակչությանը օգնություն և բժշկական աջակցություն տրամադրելու, վիրավորներին տարհանելու հնարավորությունները», - «Ռոյթեր»-ին ասել է ընդդիմադիր շարժման խոսնակը` միաժամանակ ընդգծելով, որ տարածքը լքելու և բնակչությանը տարհանելու հարց չի քննարկվում:

Անցյալ ամիս Ռուսաստանը 5-ժամյա «մարդասիրական դադար» էր հայտարարել Արևելյան Գուտայում, որը պետք է ուժի մեջ մտներ փետրվարի 27-ին, սակայն այն պարբերաբար խախտվում էր, բախումներն ու ռմբակոծություններն չէին դադարում: ՄԱԿ-ը, Կարմիր Խաչը հայտարարել էին, որ հնարավոր չէ սիրիացիներին օգնություն հասցնել այդ պայմաններում:

Դամասկոսի անմիջական հարևանությամբ գտնվող այս շրջանում, որը կառավարական զորքերի կողմից շրջափակման մեջ է գտնվում 2013 թվականից ի վեր, ավելի քան 400 հազար խաղաղ բնակիչ է ապրում: Փետրվարի վերջին Արևելյան Գուտայի՝ ավելի քան մեկ շաբաթ շարունակված ռմբակոծությունների հետևանքով առնվազն 560 խաղաղ բնակիչ էր զոհվել:

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, ռմբակոծություններն իրականացնում էին ինչպես Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները, այնպես էլ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը: