Թուրքական զինուժը մտել է Աֆրին քաղաք․ Էրդողան

Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի զինուժը `սիրիացի դաշնակիցների հետ այսօր մտել է Սիրիայի հյուսիսային Աֆրին` վերահսկողության տակ առնելով քաղաքի կենտրոնը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը: Հաղորդվում է, որ տեղի քրդական խմբավորումները դիմադրություն ցույց չեն տվել, սակայն սիրիացի իրավապաշտպանները պնդում են, որ քաղաքի որոշ թաղամասերում մարտերը շարունակվում են:

«Աֆրին քաղաքը մեր վերահսկողության տակ է այս առավոտից», - այսօր հայտարարել է Էրդողանը` մասնակցելով Գալիպոլիի ճակատամարտի 103 ամյակին նվիրված միջոցառումներին:

Աֆրինի լրատվական կենտրոնի հաղորդմամբ, թուրքական զինուժը հողին է հավասարեցրել քաղաքի կենտրոնում գտնվող հուշարձանը, ինչն ըստ հաղորդագության, ոտնահարում է քրդերի պատմությունն ու մշակույթը:

Անկարան ահաբեկիչներ է որակում իր սահմանին արմատացած քրդական խմբավորումներին, Միացյալ Նահանգները, մինչդեռ, ոչ միայն չի կիսում այդ դիրքորոշումը, այլև համագործակցում է քրդերի հետ` ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարում: