Վրաստանի Գուդաուրի հանգստավայրում ճոպանուղու վթարի հետևանքով առնվազն 10 մարդ վնասվածքներ է ստացել։ Մարտի 16֊ին YouTube֊ում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճոպանուղու նստատեղերը մեծ արագությամբ հետ պտտվում և հասնելով մեկնակետին՝ բախվում իրար, մինչ դահուկորդները փորձում են ժամանակին ցատկել սլացող նստարաններից։
Վրաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ավթանդիլ Թալկավաձեն լրագրողներին տեղեկացրել է, որ վնասվածքներ ստացած անձանց մեջ կան Ռուսաստանի, Ուկրաինայի քաղաքացիներ, ինչպես նաև մեկ հղի շվեդ կին։ Վիրավորներից յոթը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջադեպի կապակցությամբ հետաքննություն է իրականացվում, պատասխանատուները «խստորեն կպատժվեն»։