Ռուսաստանը 23 բրիտանացի դիվանագետների է արտաքսում

Մոսկվան պատրաստվում է արտաքսել 23 բրիտանացի դիվանագետների՝ ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի թունավորման շուրջ ծագած սկանդալի կապակցությամբ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը մարտի 17֊ին տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ դիվանագետներին հրահանգվել է երկիրը լքել մեկ շաբաթվա ընթացքում։ Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարությունը պահանջել է փակել Ռուսաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակը, ինչպես նաև չեղյալ է հայտարարել Սանկտ Պետերբուրգում բրիտանական հյուպատոսություն բացելու մասին համաձայնագիրը։

Ավելի վաղ՝ մարտի 12-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին է մեղադրել երեք մարդու թունավորման համար: Մարտի 14-ին նա այդ միջադեպը որակել է «Ռուսաստանի կողմից Բրիտանիայի նկատմամբ ուժի ապօրինի գործադրում» և հայտարարել է Բրիտանիայից 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մասին: Այսօր Մեյը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան դաշնակիցների եհտ քննարկում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք հետագա քայլերը։