«Հանուն Հայաստան պետության» ճակատն այսօր երկրորդ հանրահավաքն անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում։
Այսօրվա հանրահավաքը հատուկ խորհուրդ ուներ՝ այն նվիրված էր որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին, և հանրահավաքի ընթացքում ելույթների մեծ մասը հենց նրան էին նվիրված։
Հանրահավաքի ընթացքում հնչեցին նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատի գործունեությանը և նպատակներին վերաբերող հայտարարություններ։ Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ով վարում էր հանրահավաքը, հայտարարեց, որ իրենք ցանկանում են կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը և պատրաստ են միավորվել ու համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների հետ, ովքեր կիսում են իրենց տեսակետն այս հարցում։ Սանասարյանը, մասնավորապես, նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի և խորհրդարանի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի անունները։
«Ազատությունը» զրուցել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնողներից՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ասաց, որ հանրահավաքները շարունակվելու են և հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հաջորդ ուրբաթ օրը։ Մարտիրոսյանը նշեց, որ իրենք բանակցությունների մեջ են տարբեր ուժերի, մասնավորապես՝ Հայ ազգային կոնգրեսի հետ, ու ակնկալում են, որ շարժմանը մասնակցող ուժերի շրջանակը կընդլայնվի։