ԱՄՆ֊ը նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի նկատմամբ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է հայտարարել Ռուսաստանի գրեթե երկու տասնյակ քաղաքացիների և հինգ ընկերությունների նկատմամբ:

Անհատների շարքում Ռուսաստանի ռազմական հետախուզության աշխատակիցներ կան, իսկ ընկերությունների թվում ընդգրկված է նաև Սանկտպետերբուրգյան ինտերնետ հետազոտությունների գործակալությունը: Այդ գործակալությունը հիմնել է Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինը: Ամերիկացի ընտրողների շրջանում կեղծ լուրեր տարածելու, քարոզչություն ու շփոթություն առաջացնելու համար այդ գործակալությունը բազմաթիվ կեղծ օգտատերերի էջեր է բացել Ֆեյսբուքում և ուրիշ սոցցանցերում: Սանկտպետերբուրգյան գործակալությունը հիշատակված է նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հանձնախմբի նյութերում:

Նոր պատժամիջոցների հրապարակված ցանկում ներառված են նաև Ռոբերտ Մյուլերի հետաքննչական հանձնախմբի կողմից ամերիկյան ընտրություններին միջամտելու համար մեղադրվող մի շարք անհատներ:

«Ֆինանսների նախարարությունը շարունակում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայում իրավիճակը ապակայունացնելու շարունակվող ջանքերի, Ղրիմը բռնակցելու, ընտրություններին միջամտելու, ինչպես նաև կոռուպցիայի և մարդու իրավունքները ոտնահարելու համար», ֊ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին՝ ընդլայնելով ամերիկացիների «սև ցուցակը»: Նա ասել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սպասվում էին և կրկին պնդել է, որ դրանք հիմնազուկ են՝ Ռուսաստանը չի միջամտել ամերիկյան ընտրություններին:

Նոր պատժամիջոցներին մարտի 16-ին արձագանքել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա խոսել է Աստանայում, որտեղ Սիրիայի հարցով ուրբաթ օրը հանդիպել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները: Մամուլի համատեղ ասուլիսում արձագանքելով Վաշինգտոնի հայտարարած նոր պատժամիջոցներին՝ Լավրովն ասել է. ֊ «Մենք արդեն դադարել ենք դրա վրա ուշադրություն դարձնել, մենք արդեն չենք էլ վրդովվում, նախկինում ևս չէինք վրդովվում նորից ու նորից հայտարարվող նոր պատժամիջոցների պատճառով: Ընտրություններին միջամտելու ինչ-որ պատմություն է հորինվել, որն արդեն մեկ տարուց ավելի ձգվում է, հետաքննություններ, լսումներ են անցկացվում, բայց ոչ մի փաստ չի հաջողվում ներկայացնել հանրությանը: Փաստերի բացակայությունը փոխհատուցվում է պատժամիջոցների նոր ու նոր ալիքներով», - ասել է Լավրովը:

Նշենք, որ ԱՄՆ-ը հնարավոր է՝ ավելի ընդլայնի պատժամիջոցները: Մարտի 15-ին հայտարարված նոր պատժամիջոցները առնչություն չունեն Բրիտանիայում ապաստանած Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման միջադեպի հետ: Նրանց թունավորումը ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը ներկայացրել է որպես Ռուսաստանի անխոհեմ ու անպատասխանատու գործողությունների օրինակ:

Եթե ապացուցվի, որ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետևում կանգնած են Ռուսաստանի իշխանությունները՝ ապա կհետևեն նոր պատժամիջոցներ, այդ մասին հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը: