Մեծ Բրիտանիան հայտարարել է, թե ռուս նախկին գնդապետ, լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հրամանը տվել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք ռուսների դեմ ոչինչ չունենք: Լոնդոնի պահանջը վերաբերում է Պուտինն ու նրա որոշմանը», - Reuters լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Բորիս Ջոնսոնը՝ հավելելով․ - «Մենք կարծում ենք, որ ամենայն հավանականությամբ՝ հենց նա է որոշել նյարդա-պարալիտիկ նյութ կիրառել Բրիտանիայի տարածքում»:
Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար Ռուսաստանում դատապարտված 66-ամյա Սկրիպալն ու նրա 33-ամյա դուստրը հիվանդանոց են տեղափոխվել ավելի քան տասն օր առաջ, նրանց առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Միջադեպից մի քանի օր առաջ նախկին հետախույզը դիմել էր բրիտանական ոստիկանությանն ու պնդել, թե իր կյանքին վտանգ է սպառնում:
Շաբաթասկզբին Լոնդոնը հայտարարեց, թե Սկրիպալների թունավորման գործում Ռուսաստանի ներգրավվածության հավանականությունը «շատ մեծ է», և հայտնեց, որ արտաքսում է 23 ռուս դիվանագետների: Մոսկվան սպառնում է համարժեք քայլերի դիմել, որոնց մանրամասները, սակայն, դեռ չեն հրապարակվել: