Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտ (East-West Institute) ոչ-կառավարական կազմակերպության անդամների հետ: Քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Արևելք-Արևմուտք ինստիտուտ կազմակերպությունը հիմնադրվել է 1980 թվականին, Արմեն Սարգսյանը 2008-ից զբաղեցնում է ինստիտուտի փոխնախագահի պաշտոնը։
Ներկա փուլում կազմակերպության գործունեության կիզակետում են ժամանակակից մարտահրավերները, որոնք խարխլում են կայունությունը տարբեր աշխարհամասերում: Ինստիտուտը տարբեր ոլորտներում հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսին են կանխարգելիչ դիվանագիտությունը, տնտեսական և տարածաշրջանային անվտանգությունը, կիբերանվտանգությունը:
Արմեն Սարգսյանի գրասենյակի հաղորդագրությունում նշված է նաև, որ ինստիտուտի պատվավոր նախագահներ և տնօրեններ են եղել քաղաքական, գործարար, գիտական աշխարհի այնպիսի ճանաչված ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար Հանս Դիտրիխ Գենշերը, PepsiCo ընկերության հիմնադիր Դոնալդ Քենդալը, շատ ուրիշներ: