Գագիկ Հարությունյան․ Եթե մարտի 1-ին համարժեք միջամտություններ չլինեին, ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ավելի քան 22 տարի Հայաստանի Սահմանադրական դատարանը ղեկավարած Գագիկ Հարությունյանի խոսքով, եթե 2008թ․ մարտի 1-ին համարժեք միջամտություններ չլինեին, շատ ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք:

Իրավաբանական գիտությունների դոկտորը նման հայտարարություն արեց այսօր` Գիտությունների ազգային ակադեմիայում, ուր ակադեմիկոսները հավաքվել էին մասնակցելու Գագիկ Հարությունյանի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

«Մարտի 1֊ը մեր երկրի համար եղավ ամոթալի էջերից մեկը, և դա ողբերգություն էր նաև, բայց մենք շատ ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք, եթե համարժեք միջամտություններ չլինեին», ֊ ասաց Հարությունյանը: ֊ «Այնպես որ, այն մակերեսի եղած խոսակցությունները՝ սրան, նրան․․․ չգիտեմ՝ իշխանությանն է ծառայել․․․ ես ծառայել եմ իմ ժողովրդին և իմ պետությանը: Խիղճս մաքուր է և հանգիստ դրա համար: Երբեք ես ոչ մի իշխանության նվիրված չեմ եղել, ես հակառակը՝ իմ հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարց տրվեց, թե՝ բոլորի հետ Դուք աշխատել եք, ասացի՝ ոչ, բոլորն են ինձ հետ աշխատել»:

«Ազատության» հարցին՝ կարծում է, որ իշխանությունների քայլերը Մարտի 1֊ին համարժե՞ք էին, Գագիկ Հարությունյանը պատասխանեց․ ֊ «Ինչ որ եղավ՝ դա ողբերգություն էր: Եվ ես համարում եմ, որ մեր բոլորի մեղքն է ինչ֊որ տեղ, որ հասավ այդպիսի հանգուցալուծման, որը չպետք է լիներ, որը նորմալ իրականության մեջ համապատասխան կոնֆլիկտները պետք է հաղթահարվեին»:

2008թ․ մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրը՝ ավելի ուշ, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Տասը տարի անց էլ զոհերի մահվան հանգամանքները պարզված չեն:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրերս գրավոր դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար»։ Մոտ մեկ շաբաթ անց՝ մարտի 13-ին, դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե Մարտի 1-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան: Մինչդեռ, Եվրոպական դատարանում Մարտ 1-ի ինը զոհերի հարազատների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանը հաստատապես ունի տվյալներ Մարտ 1-ի գործով և նրան պետք է կանչել հարցաքննության, որովհետև ողբերգական այդ օրերին եղել է երկրի նախագահ ու Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը, ի պաշտոնե հենց նրան են հաշվետու եղել Պաշտպանության նախարարության բոլոր այն ստորաբաժանումները, որոնք ներգրավվածություն են ունեցել մարտի 1-2-ի, այսպես կոչված, ոստիկանական գործողություններում։ «Ազատության» հետ զրույցում Գրիգորյանը նաև կարծիք էր հայտնել՝ չհարցաքննելով երկրորդ նախագահին՝ այդ կերպ իրավապահ մարմինները նպատակ ունեն գործից հեռու պահել Սերժ Սարգսյանին, որովհետև Հայաստանի ներկայիս նախագահը այդ ժամանակ վարչապետ էր ու մասնակից է եղել այդ գործընթացներին։

Այսօր Գագիկ Հարությունյանին հարցրեցինք՝ որպես իրավաբանական գիտությունների դոկտոր, ի՞նչ է կարծում, արդյոք կարիք չկա՞ Մարտի 1-ի գործով հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին:

«Ես ընդհանրապես չեմ ցանկանա, մանավանդ այսօրվա պաշտոնի բերումով, քննության ընթացքում եղած գործի վերաբերյալ որևէ կարծիք հայտնել, որովհետև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և, առավելևս՝ նախագահին չի թույլատրվում արդարադատական պրոցեսի վերաբերյալ կարծիք հայտնել, բայց ընդհանուր կարծիքը այն է, որ ցանկացած գործ, որը իրավական գործընթացում է, պետք է լինի թափանցիկ, պետք է լիարժեք քննության առարկա դառնա», ֊ պատասխանեց Հարությունյանը:

Մեր ճշտող հարցին, իր կարծիքով, հետևաբար, Մարտի 1-ի քննությունը թափանցիկ չի՞ արվել, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը պատասխանեց․ ֊ «Չեմ կարող ասել: Հարցը մի քիչ կոռեկտ չեմ համարի, որովհետև ես անձամբ գործի նյութերին ծանոթ չեմ»: