Վիրահայոց թեմը դատի է տվել Վրաստանին՝ պահանջելով վերադարձնել Թբիլիսիի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Վիրահայերը Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ բողոքի ցույց են անցկացնում, արխիվ

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը դատի է տվել Վրաստանի իշխանություններին՝ պահանջելով վերադարձնել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Կիսավեր տաճարը, որ առավել հայտնի է որպես Թանդոյանց եկեղեցի, անցած տարի, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն՝ չնայած հայերի շարունակական բողոքներին:

Հիմա Վրաց պատրիարքարանն այդ տարածքում հետազոտական աշխատանքներ է իրականացնում, իբրև թե այն վերականգնելու նպատակով: Վիրահայերը, սակայն, մտավախություն ունեն, որ արդյունքում Թանդոյանցը կարող է վերջնականապես հողին հավասարվել։

«Մենք կանգնած ենք լուրջ խնդրի առջև. այնտեղ, այսպես կոչված, վերականգնման աշխատանքներ են տարվում, որոնք որևէ շրջանակի մեջ չեն տեղավորվում: Հուշարձանը պահպանելու փոխարեն իրականում եկեղեցին վրացականացվում է, ճարտարապետական տեսքը՝ փոխվում», - «Ազատության» «Էխո Կավկազա» ծրագրին ասել է մշակութային մենեջեր Ելենա Մեչիտովան:

Վրաց պատրիարքարանը, ըստ էության, չի էլ թաքցնում, որ նկրտումներ ունի այդ տարածքի նկատմամբ: Պատրիարքարանի ներկայացուցիչ Լևան Մերաբիշվիլին պնդում է՝ Թանդոյանցի տեղում ժամանակին վրացական եկեղեցի է եղել, և հիմա իրենք «պարզապես ուզում են պատմական արդարությունը վերականգնել»:

«Հետազոտական այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են վրացական եկեղեցու ուրվագծեր, ինչպես նաև 18-րդ դարից մնացած երկու տապանաքար՝ վրացերեն արձանագրություններով: Մենք որևէ մեկի հետ չենք վիճում, հայերն են մեզ հետ վիճում, և եթե նրանց հարցնենք՝ 600 եկեղեցի կպահանջեն: Սա նույնիսկ ծաղր է առաջացնում: Մենք ուղղակի պահանջում ենք այն, ինչ մեզ է պատկանել», - ասել է Մերաբիշվիլին։

Վրաստանի հայերն անհեթեթ ու անհիմն են որակում այս պնդումները: Թեմի ներկայացուցիչ Միխայիլ Ավագյանը հիշեցրել է՝ Թանդոյանցը հայկական համայնքից բռնազավթվել էր դեռ խորհրդային տարիներին:

90-ականներից եկեղեցին գտնվում է լքված ու ամայի վիճակում, ու թեև հայերը շարունակաբար խնդրել են այն վերադարձնել, պաշտոնական Թբիլիսին չի համաձայնել:

«Վրաց պատրիարքարանի փաստարկներն անհեթեթ են, վրացական եկեղեցին եղել է ոչ թե հայկականի տեղում, այլ՝ ավելի հեռու: Սակայն ո՛չ պատմական, ո՛չ իրավաբանական տեսանկյունից արդարացի չէ քննարկել, թե ժամանակին որտեղ, ինչ է եղել: Եթե այդպես է, ուրեմն Վրաց ուղղափառ եկեղեցու Մայր Տաճարի` Սուրբ Երրորդության տեղում էլ հայկական գերեզմանոց է եղել և հայկական եկեղեցի», - ասել է Միխայիլ Ավագյանը։

Անկախ փորձագետները ևս պնդում են` գոյություն ունեցող աղբյուրները չեն հաստատում, որ Թանդոյանցի տարածքում ավելի վաղ վրացական եկեղեցի է եղել:

«Վրաստանի կառավարությունն այս քայլով ցույց է տալիս, որ չի հարգում մշակութային բազմազանությունը», - ասել է Մարդու իրավունքների ուսումնասիրության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Թամթա Միկելաձեն:

«Առանց որևէ ուսումնասիրություն ու հետազոտություն անելու, ընդամենը Պատրիարքարանից ստացված մի նամակի հիման վրա, որում ասվում էր, թե Թանդոյանցի տեղում վրացական եկեղեցի է եղել, Վրաստանի իշխանություններն այդ եկեղեցին հանձնեցին Վրաց պատրիարքարանին: Այդ որոշումը և այս քաղաքականությունն ընդհանուր առմամբ հուշում են, որ պետությունը չի պաշտպանում երկրի մշակութային բազմազանությունը, ջնջում է հետքերը և ավելին՝ փորձում է բռնաճնշման ենթարկել պատմությունը», - ասել է Միկելաձեն:

Այս հարցով դատաքննությունը մեկնարկել է շաբաթասկզբին, առաջին նիստը, ըստ էության, չսկսված՝ հետաձգվել է. կողմերը ժամանակ են խնդրել՝ գործում նոր փաստեր ու ապացույցներ ներառելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 1-ին: