ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը ԼՂ արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից է․ Բակո Սահակյան

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա և կմնա Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը», - այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին նախագահ Սահակյանը հյուրընկալվել է ամերիկյան Կոնգրեսում, որտեղ հանդիպումներ է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Ղարաբաղ-ԱՄՆ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետև մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ և անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն», - կոնգրեսականների առջև ելույթ ունենալով, մասնավորապես, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահը՝ կարևորելով ամերիկյան բարձրագույն օրենսդիր մարմնում կազմակերպված հանդիպումները: - «Դրանք նաև մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում», - հավելել է Բակո Սահակյանը:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ Կոնգրես համընկել է այդ կառույցում՝ 2006 թվականից կազմակերպվող Ղարաբաղյան շարժմանը նվիրված միջոցառման հետ, որին, ի դեպ, մասնակցում էր նաև ամերիկացի ազդեցիկ դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը, ով անցյալ հունվարին իր հեղինակած բանաձևով գործընկերներին կոչ էր անում արհեստական խոչընդոտները վերացնել և Միացյալ Նահանգների և Լեռնային Ղարաբաղի միջև համագործակցության դռներ բացել:

Հիշեցնենք՝ սա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի առաջին այցն է ամերիկյան Կոնգրես՝ իր պաշտոնավարման 11 տարիների ընթացքում: Մինչ այդ Սահակյանը բազմիցս այցելել է Նահանգներ, սակայն հիմնականում հանդիպումներ է ունեցել ամերիկահայ շրջանակների հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի՝ մարտի 12-ին մեկնարկած այցի ընթացքում մինչ այս պահը ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներ չեն եղել, սակայն այցը չմեկնարկած՝ Բաքուն մեծ աղմուկ էր բարձրացրել, բողոքի նոտա հղել Ադրբեջանում Միացյալ նահանգների դեսպանին՝ պահանջելով կանխարգելիչ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Ադրբեջանական կողմի՝ Նահանգներին ուղղված բողոքի նոտայում, ինչպես նշվում է, կոչ է արվում ամերիկյան իշխանություններին հետևել «Միջազգային իրավունքների նորմերին և թույլ չտալ իր տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարմանը ուղղված գործունեություն»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Միացյալ Նահանգները, հիշեցնենք, աշխարհում միակ երկիրն է, որը պաշտոնապես տարեկան ավելի քան մեկ միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացնում Լեռնային Ղարաբաղին: Բացի այդ՝ ամերիկյան 8 նահանգներ՝ Միչիգանը, Մասաչուսեթսը, Ռոդ Այլենդը, Մեյնը, Լուիզիանան, Կալիֆորնիան, Ջորջիան և Հավայի ճանաչել են Ղարաբաղի անկախությունը: Ինչպես իր ելույթում նկատել է Բակո Սահակյանը՝ Ղարաբաղը ճանաչած միավորումների գերակշիռ մասը ներկայացնում է Միացյալ Նահանգները: