Թոմ դե Վաալ․ Եթե ժամանակին Կոսովոյի օրինակն էր ակտուալ, հիմա Ղրիմի օրինակն է Ադրբեջանին թև տալիս

Տեղեկատվական, դիվանագիտական ակտիվ պատերազմն է սնուցում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այսօր Երևանում հայտարարեց Քարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը՝ հանդես գալով զեկույցով «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները» միջազգային գիտաժողովի ժամանակ:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում էական տարակարծություն չկա, այսօր Երևանում հայտարարեց Քարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը՝ հանդես գալով զեկույցով «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները» միջազգային գիտաժողովի ժամանակ: Հեղինակավոր փորձագետը շեշտեց՝ ժամանակի ընթացքում միջազգային ասպարեզում միտումները փոխվում են: Եթե ժամանակին Կոսովոյի տարբերակն էր ակտուալ, հիմա Ղրիմի օրինակն է Ադրբեջանին թև տալիս:

«Կոսովոյի օրինակը, իհարկե, քաջալերում է հայկական կողմին՝ ինքնիշխանության ձեռքբերման հարցում, բայց նորաձևությունը փոխվել է այլ ուղղությամբ: Ղրիմի պարագայում օրինակ, խոսվում է տարածքային ամբողջականության մասին, արևմտյան առաջնորդները կանոնավոր հայտարարություններ են անում: Եվ սա ոգևորել է Ադրբեջանին: Տեսնում ենք, որ Ղրիմի ճգնաժամից հետո Ադրբեջանն ավելի պահանջկոտ է խոսում տարածքային ամբողջականության մասին: Փոփոխվող նորաձևության իրավիճակում երկու կողմերը սպասողական վիճակում են, ուզում են տեսնել, թե հետո ինչ է լինելու և այդ սպասումը բարդացնում է Մինսկի գործընթացը», - նշեց Դե Վաալը։

Հեղինակավոր փորձագետը շեշտեց՝ իր հիմնական ուղերձն այն է, որ պետք է ի վերջո հստակեցնել՝ ինչպես պետք է հասնել խաղաղ բանակցություններին: Միջազգային կառույցները, երրորդ երկրները հետաքրքրություններ ունեն այստեղ, բայց չեն ուզում ճնշում գործադրել կողմերի վրա: Ըստ Դե Վաալի՝ այս պահի դրությամբ ոչ ոք չի ուզում դառնալ այս կոնֆլիկտի տերը:

«Շատ կարևոր փաստաթղթեր կան, սակայն դրանք չեն հստակեցնում, թե ինչ պետք է արվի այս հակամարտության հետ: Միջազգային կառույցները հակամարտության մասնակիցներին պետք է կարողանան ապացուցել, որ լուրջ են, անվտանգություն ապահովելու նպատակ ունեն: Խոսել քաղաքական գործընթացներից՝ չնշելով Ղարաբաղի անվտանգությունը, նշանակում է տուն կառուցել առանց հատակի», - հայտարարեց փորձագետը:

Տեղեկատվական, դիվանագիտական ակտիվ պատերազմն է սնուցում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Փորձագետի խոսքով, ռազմական իրավիճակը շփման գծում փոքրիշատե պարզ է, սակայն հակամարտության երկու կողմն էլ՝ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները համոզված են, որ ամենամեծ ճակատամարտը պետք է վարել միջազգային և դիվանագիտական հանրության կարծիքը շահելու համար, լինի դա ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում, թե այլուր:

«Անավարտ, ձգձգվող տեղեկատվական պատերազմ է ընթանում, կողմերը անսպառ վիճում են պատմական հարցերի, իրավական նախադեպերի շուրջ և այդ իրավիճակը ավելի է թեժացնում ԼՂ կարգավիճակի անորոշությունը, այդ պատճառով էլ Բաքուն և Երևանը բավական զգուշավոր են զիջումների գնալու հարցում», - նշեց Դե Վաալը:

Ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ լուրջ փոխզիջումների, «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը՝ ընդգծելով՝ երկու հասարակություններն էլ ավելի կտրուկ դեմ են փոխզիջումային տարբերակներին հատկապես 2016-թի ապրիլի պատերազմից հետո: - «Վախի և անապահովության աստիճանը բարձրացավ այս տարածաշրջանում և հիմա կողմերն ավելի մեծ դժկամությամբ են վերաբերվում փոխզիջումային տարբերակին: Ցավոք, սա այն դինամիկան է, որն առկա է հիմա: Սակայն կարծում եմ, մի օր՝ ապագայում, տեսականորեն հնարավոր է, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար խնդիր չլինի միասին ապրելը: Մասնավոր զրույցներում նրանք հասկանում են, որ եթե ժամանակին կարողացել են ապրել, հետո էլ կկարողանան: Պարզապես շատ դժվար է ասել, թե երբ տարածաշրջանը դուրս կգա զանգվածային վախի, անապահովության թակարդից:

«Ազատության» մեկ այլ հարցին՝ արդյոք Հայաստանում և Ադրբեջանում գործող նախագահների իշխանության հնարավոր երկարաձգումը բացասական ազդեցություն չի ունենա ԼՂ հակամարտության կարգավորման վրա, Դե Վաալը պատասխանեց՝ քաղաքական, տնտեսական զարգացման համար լիդերների փոփոխությունն, իհարկե, անհրաժեշտ է: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա այս դեպքում առաջնորդները միմյանց ճանաչում են և նրանց կողմից անակնկալ ռիսկեր չեն սպասվում: Մեր դիտարկմանը՝ այդուհանդերձ, տարիներ շարունակ նրանք արդյունքի չեն հասել, Դե Վաալն արձագանքեց․ - «Նրանց բանակցությունները խաղաղության չեն հանգեցնում, բայց այս պահին ամենալավ բանը, որ ունենք՝ կոնֆլիկտի կառավարումն է, որպեսզի չվերադառնանք զանգվածային բռնության»:

Խաղաղության շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի երկու ժողովուրդների միջև՝ անկախ այն բանից, թե ովքեր կլինեն պետության ղեկավարները, «Ազատության» հետ զրույցում ասաց միջոցառմանը ներկա Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Մեր դիտարկմանը, թե արդյոք վերջին շրջանում ռուս-բրիտանական հարաբերություններում առկա լարվածությունը կանդրադառնա տարածաշրջանային խնդիրների վրա, հաշվի առնելով ռուսական մեծ ազդեցությունը, դեսպանն ասաց, որ պատճառներ չեն տեսնում և այսօրվա միջոցառումն էլ վկայում է, որ ռուս-բրիտանական խնդիրներն այլ հարթության վրա են: