Հայաստանի և Եվրամիության միջև հինգ ամիս առաջ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների զգալի մասը ապրիլի 1-ից հետո կդրվեն կիրառության մեջ, իսկ մինչ այդ փաստաթուղթը պետք է վավերացվի հայաստանյան խորհրդարանի կողմից:
«Վավերացումից անմիջապես հետո համաձայնագրի մեծ մասով դրույթները կդրվեն ժամանակավոր կիրառության մեջ: Այդպիսի դրույթ կա նախատեսված համաձայնագրում», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: - «Այսինքն՝ հարցը նախ կքննարկվի Սահմանադրական դատարանում, հետո Ազգային ժողովի կողմից տեղի կունենա համաձայնագրի վավերացման գործընթացը: Խոսքը գնում է մինչև ապրիլի 1-ը»:
Բրյուսելում նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել դեռ անցած տարեվերջին: Առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, այն որպես օրենքի նախագիծ կուղարկվի Ազգային ժողով:
Հայաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում համագործակցությունը կարգավորող փաստաթուղթը պետք է վավերացվի նաև Եվրամիության անդամ 28 պետությունների կողմից: Մինչ հիմա այդ գործընթացն ավարտել է միայն Էստոնիան: Այդուհանդերձ, համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանում փաստաթղթի վավերացումից հետո դրույթների զգալի մասը մտնելու են ժամանակավոր կիրառության մեջ:
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով նախատեսված են բարեփոխումներ նաև հանրային կառավարման ոլորտում: Այդ թեմային է նվիրված այսօր Երևանում ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում մեկնարկած քննարկումների շարքը:
«Այստեղ հավաքված են և՛ Եվրամիության ներկայացուցիչները, և՛ Արևելյան գործընկերության անդամ երկրները, և իրենց հայ գործընկերների հետ պետք է նաև քննարկեն, համեմատեն այդ բարեփոխումների ընթացքը և փորձեն, զուտ ժամանակացույցի առումով, հասկանալ, թե որ երկիրը որ աստիճանի վրա է գտնվում այդ բարեփոխումների իրականացման առումով», - նշեց Կարեն Նազարյանը:
«Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» թեմայով քննարկման բացմանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Հայաստանը, վստահաբար, խորը բարեփոխումների փուլում է գտնվում և հանրային կառավարման ոլորտն ամենակարևոր հարցերից է: - «Մենք առաջարկել ենք մեր օժանդակությունը, և ընդհանուր առմամբ Եվրամիության ներդրումը Հայաստանում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համար ավելին է, քան 40 միլիոն եվրոն: Իսկ անցած տարի մենք սկսել ենք 20 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության նոր ծրագիր, որը նպատակ ունի օգնելու Հայաստանին արդիականացնել հանրային կառավարման ոլորտն ու զարգացնել երկրում լավ կառավարման նոր գործիքներ», - իր ելույթում նշեց դեսպանը:
Դեսպան Սվիտալսկին ընդգծեց՝ կարևոր է, որ Արևելյան գործընկերության անդամ երկրները փոխանակեն հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների իրենց փորձը, քանի որ նրանք բոլորն էլ բախվում են նախկին խորհրդային համակարգից ժամանակակից կառավարման մոդելի անցնելու դժվարություններին․ - «Կան նաև այս երկրների համար ընդհանուր այլ մարտահրավերներ, որոնք պետք է քննարկվեն այստեղ, այդ թվում՝ ինչպես կառուցել քաղաքականապես անկողմնակալ, մերիտոկրատիկ քաղաքացիական ծառայություն, ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես ապահովել հանրության լայն շրջանակների մասնակցությունը կառավարմանը»: