Վարչապետը հանձնարարեց ապահովել պայմաններ էլեկտրոնային առողջապահական համակարգի ամբողջական ներդրման համար

Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրման աշխատանքների վերաբերյալ:

«Առողջապահության նախարարության կողմից, ըստ կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցի, իրականացվում են էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները։ Այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումն էլեկտրոնային առողջապահական համակարգին», - նշեց Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, մարզպետներին և առաջարկեց Երևանի քաղաքապետին՝ 15-օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար:

Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։

Կառավարությունը այսօրվա նիստում նաև ընդունեց համապատասխան որոշում 2018 թվականի ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները սուբսիդավորման միջոցով մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցելու համար:

Նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետևյալ համամասնություններով՝ Երևանի 100 միլիոն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50 տոկոս, Երևանի 100 միլիոն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին` 70 տոկոս, սահմանամերձ համայնքների հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկաներին և գյուղական ամբուլատորիաներին` 100 տոկոս: