Դաշնակիցներն աջակցում են ռուս դիվանագետներին արտաքսելու` Լոնդոնի որոշմանը

Մեծ Բրիտանիա - Ծառայողը հանում է Ռուսաստանի հյուպատոսարանի մուտքի վրա տեղադրված պետական դրոշը, Լոնդոն, 14-ը մարտի, 2018թ.

Մեծ Բրիտանիայի դաշնակիցները Լոնդոնին աջակցություն են հայտնում ի պատասխան նախկին ռուսաստանցի սպայի թունավորման՝ 23 ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշման կապակցությամբ:

Սպիտակ տան երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում ասվում է, որ «Ամերիկան կանգնած է մերձավոր դաշնակից Բրիտանիայի կողքին և կիսում է Բրիտանիայի այն կարծիքը, ըստ որի Ռուսաստանն է պատասխանատվություն կրում Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային թունավորելու փորձի համար»:

Սպիտակ տունը ռուսաստանցի դիվանագետների արտաքսումն անվանել է «արդար որոշում» և նշել, որ «ռուսների վերջին քայլը հակասում է միջազգային իրավակարգին, երկրների ինքնիշխանությանը և անվտանգությանը և հետապնդում է արևմտյան դեմոկրատական հաստատություններն ու գործընթացները խարխլելու նպատակ»:

Փարիզը նույնպես աջակցություն է հայտնել Լոնդոնին, խոստանալով «առաջիկա ժամերին համակարգել պատասխանը Մեծ Բրիտանիայի հետ»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախօրեին հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշման մասին, դա Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի ամենամեծ թվով ներկայացուցիչների արտաքսումն է վերջին երեք տասնամյակում:

Մոսկվան այսօր հայտարարել է, որ ի պատասխան Լոնդոնի որոշման՝ առաջիկայում կարտաքսի բրիտանացի դիվանագետների: