Արաղչի․ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ-ը դուրս բերել Իրանի հետ միջուկային համաձայնագրից

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչի, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հեռացումը ցույց է տալիս, որ նա պատրաստվում է Միացյալ Նահանգները դուրս բերել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, ասել է Իրանի արտգործնախարարի տեղակալը:

«ԱՄՆ-ը հաստատապես որոշել է լքել միջուկային համաձայնագիրը, և Պետդեպարտամենտում արված փոփոխության նպատակը դա էր, կամ էլ, ծայրահեղ դեպքում, նպատակներից մեկն էր դա», - հայտարարել է Աբաս Արաղչին։

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահը երկու օր առաջ անակնկալ պաշտոնանկ արեց պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ հայտարարելով, որ նոր պետքարտուղարը կդառնա Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոն:

Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկում իր նախորդ Բարաք Օբամայի օրոք՝ 2015 թվականի հուլիսին Իրանի և գերտերությունների միջև կնքված համաձայնագիրը, որով պաշտոնական Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագրերը՝ միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց: