Մարտի 14-ին Կոպենհագենում տեղի է ունեցել Հայաստանի և Դանիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Անդերս Սամուելսենի հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-դանիական օրակարգային հարցերին, մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել զարգացման ուղիների շուրջ, արծարծվել են Հայաստան ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին առնչվող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: