Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում Մայք Փոմփեոյի առաջադրումը հուշում է, որ Վաշինգտոնը ամենայն հավանականությամբ դուրս կգա նախորդ վարչակազմի օրոք Իրանի հետ կնքված պայմանագրից, որով Թեհրանը համաձայնել է դադարեցնել միջուկային ծրագիրը՝ արևմտյան պատժամիջոցները մեղմելու դիմաց, գրում են ամերիկյան պարբերականները:
Foreign Policy հանդեսն անգամ չի բացառում, որ Թեհրանի հետ դիմակայությունը կարող է վերածվել ռազմական առճակատման: Երեկ պաշտոնանկ անելով Ռեքս Թիլլերսոնին՝ նախագահ Թրամփը չթաքցրեց՝ վերջինս առավել մեղմ դիրքորոշում ուներ այս հարցում և չէր համաձայնում իր առաջարկներին:
«Մենք մի շարք տարաձայնություններ ունեինք, օրինակ՝ Իրանի հետ կնքված գործարքի հարցում: Իմ կարծիքով՝ դա սարսափելի գործարք է, նրա համոզմամբ, մինչդեռ, ամեն ինչ կարգին է: Ես ուզում էի կա՛մ հրաժարվել դրանից, կա՛մ ինչ-որ բան փոխել, մինչդեռ Թիլերսոնը մի փոքր այլ կերպ էր մտածում», - գրել էր Թրամփը:
Իրանի և 5 գերտերությունների միջև 2015-ին կնքված գործարքը նախագահ Թրամփը դեռ նախընտրական շրջանում էր քննադատում, անցած հունվարին էլ վերջնաժամկետ տվեց․ եթե մինչև մայիս եվրոպացի դաշնակիցները չկարողանան շտկել փաստաթղթի, իր խոսքով, սարսափելի թերությունները, Վաշինգտոնը կհրաժարվի դրանից և կվերականգնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Անցած ամիսներին, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը շարունակաբար հորդորել է նախագահ Թրամփին չգնալ կտրուկ քայլերի ու տարաձայնությունները հարթել բանակցությունների, փաստաթուղթը խմբագրելու ճանապարհով: Մինչդեռ Մայք Փոմփեոն, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում նշանակվելիս, պատասխանելով սենատորների հարցերին, հայտարարել էր․ - «Ես անհամբերությամբ եմ սպասում Իրանի հետ կնքված այդ գործարքից հրաժարվելուն: Իրանը ահաբեկչության ամենամեծ հովանավորն է աշխարհում, որի դերակատարությունը Մերձավոր Արևելքում դարձել է առավել անթաքույց ու կործանարար»:
Պետքարտուղարի պաշտոնում առաջադրելով Իրանի նկատմամբ առավել ագրեսիվ դիրքորոշում ունեցող Փոմփեոյին՝ նախագահ Թրամփը, ըստ փորձագետների, հստակ ակնարկում է՝ Սպիտակ տան համբերությունը սպառվել է. վարչակազմը մտադիր է խստացնել դիրքորոշումը Թեհրանի հանդեպ: Սակայն ինչպե՞ս. «Եթե Իրանն էլ իր հերթին վերսկսի միջուկային ծրագիրը, որո՞նք են լինելու Վաշինգտոնի հաջորդ քայլերը, ի՞նչ է անելու Ամերիկան՝ այն դադարեցնելու համար», - հարց է հնչեցնում Times-ը՝ շարունակելով․ -«Եվրոպան կողմ է իրանի հետ կնքված համաձայնագրին, այս պայմաններում արդյո՞ք Ամերիկան պատրաստ է մեկուսանալ և, ասենք, պատժամիջոցներ սահմանել նաև եվրոպական բանկերի ու Իրանի հետ համագործակցող արևմտյան ընկերությունների նկատմամբ»:
Առաջիկա շաբաթներին, Սենատի հավանությանն արժանանալիս, Փոմփեոն ստիպված կլինի արձագանքել այս հարցերին ու ԱՄՆ արտաքին քաղաքականության մյուս մարտահրավերներին, որոնց թվում առաջիններից մեկը, թերևս, Հյուսիսային Կորեայի նախագահի հետ սպասվող բանակցություններն են: Փոմփեոն կոշտ դիրքորոշում ունի նաև այս հարցում․ ընդամենը օրեր առաջ Fox News-ին տված հարցազրույցում նա պնդել էր՝ ԱՄՆ-ը չպետք է որևէ զիջման գնա որևէ բանակցության ժամանակ:
«Մենք շարունակելու ենք եռանդուն աշխատել, որպեսզի հասնենք նախագահ Թրամփի առաջադրած նպատակին՝ Կորեական թերակղզու ամբողջական ու անշրջելի ապամիջուկայնացմանը: Նրանց նկատմամբ պատժամիջոցներն ու ճնշումները պահպանվելու են», - ասել էր նա:
Ռուսաստանի մասին խոսելիս՝ ապագա պետքարտուղարը հայտարարել էր՝ վստահ եմ, որ Կրեմլը միջամտել է ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին, միաժամանակ պնդել, թե պատրաստ է համագործակցել ռուսների հետ, եթե դա բխի Միացյալ Նահանգների շահերից ու նպաստի ամերիկացիների անվտանգությանը: - «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ռուսները միջուկային զենքի մեծ պաշարներ են կուտակել, գրավել են Ղրիմը, ամրապնդել իրենց ներկայությունը Ուկրաինայի արևելքում ու արմատներ գցել Սիրիայում», - ամիսներ առաջ ասել էր Մայք Փոմփեոն՝ հավելելով․ - «Ամերիկան հիմա պարտավոր է պայքարել դրա դեմ և թույլ չտալ, որ ռուսների այս ընդարձակումը շարունակվի»:
Ի դեպ, արձագանքելով պետքարտուղարի պաշտոնում Մայք Փոմփեոյի առաջադրմանը, Մոսկվան այսօր հայտարարել է, թե դա հազիվ թե բացասաբար ազդի երկկողմ լարված հարաբերությունների վրա զուտ այն պատճառով, որ դրանք էլ ավելի վատթարանալու տեղ չունեն: - «Դժվար է հատակից ավելի ցածր ընկնել», - այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով․ - «Ամեն դեպքում, կառուցողական հարաբերությունների ու սթափ մոտեցման հույսը պահպանվում է»: