Չնայած «Ելք» դաշինքը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանության հնարավոր վերարտադրության դեմ փողոցային պայքար ծավալելու վերջնական որոշում չունի, այնուհանդերձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը, Սուրեն Պապիկյանի և Արփինե Դավոյանի հետ դիմել են քաղաքապետարան՝ ապրիլի 1-ին և ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հավաք, ապա նաև երթ անցկացնելու համար:
Ապրիլի 1-ի հավաքի մասին իրազեկված է ժամը 15.00-ից 22.00-ն, ապրիլի 3-ին՝ 18.00-22.00 ընկած ժամանակահատվածների համար:
Քաղաքապետարանի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ իրազեկումներն ընդունվել են ի գիտություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանն «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց, թե իրազեկումները ներկայացրել են «մարտավարական նկատառումներից ելնելով, որևէ միջոցառում անցկացնելու քաղաքական որոշում այս պահին չկա»:
Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամներից է, և կարծում է, որ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը կարելի է կանխել միայն ժողովրդի ճնշման ներքո:
«Ազատության» հետ զրույցում Փաշինյանը երեկ տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» «Ելքի» մաս կազմող գործընկեր կուսակցություններին՝ «Լուսավոր Հայաստանին» և «Հանրապետություն» կուսակցությանը, Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կանխելուն ուղղված ճանապարհային քարտեզ է առաջարկել:
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանից բացի վարչապետի այլ թեկնածու չունի․ - «Գոյություն ունի ճանապարհային քարտեզ, որը իրենից ներկայացնում է մոտավորապես 14+4 օրանոց գործողությունների ծրագիր: Այդ ծրագրի վերաբերյալ կոնկրետ մենք այս պահին դեռևս որոշում չունենք․ առաջարկներ են հնչել, կքննարկենք և որոշումները կկայացնենք»:
Հարցին, թե արդյոք բացառում է փողոց դուրս գալու որոշումը, Փաշինյանն արձագանքեց․ - «Քաղաքական գործունեության վերաբերյալ որոշումները կայացվում են կոնսենսուսով: Եթե պարզվի, որ այս խնդրի վերաբերյալ մենք չունենք կոնսենսուս, էդ քաղաքական ուժերը նաև առանձին-առանձին իրենց համար կարող են քննարկել և արդեն ոչ թե համատեղ գործունեության ֆորմատում կայացնել կամ չկայացնել որոշում, այլ՝ առանձին գործունեության»:
Հարցին, թե արդյոք իր ասածը նշանակում է, որ կոնսենսուսի բացակայության դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է առանձին գնալ Ազատության հրապարակ, Փաշինյանը պատասխանեց․ - «Ես հիմա չեմ ասում՝ մենք, դուք, նրանք․․․ Բայց սխեման հետևյալն է՝ այո, տեսականորեն բացառված չի, որ կուսակցություններից մեկը կամ երկուսը որոշում կայացնեն, որ փողոցային պայքար է անհրաժեշտ, և իրենք էդ ժամանակացույցով պետք է առաջ շարժվեն․․․ Հնարավոր է նաև մի փուլային տարբերակ լինի, որ մի մասը դաշինքի սկսում է պրոցեսը, մյուսները հընթացս աջակցում են ինչ-որ ձևով և ավելի ուշ են իրենց վերջնական դիրքորոշումը արտահայտում: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը ուխտադրուժ կերպով հիմա փորձ են անում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը ապահովել: Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է ելնենք անցած տարի «Ելք» դաշինքի անունից արված այն հայտարարությունից, որ եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ժողովուրդը պիտի շանս ունենա իմանալ, որ ինքը կարող է դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը: Ես կարծում, որ մենք պետք է գործողություններ անենք հենց այս ուղղությամբ»:
«Ազատության» հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանն ասաց, թե դաշինքի գերակշիռ մեծամասնությունը դեմ է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած ճանապարհային քարտեզին․ - «Մենք՝ բոլորս, ներկայացրել ենք մեր մտահոգությունները: Մենք ներկայացրել ենք նաև տարբեր այլընտրանքային մոտեցումներ՝ ինչպես և ինչ կարելի է անել և այլն: Դաշինքի գործունեության տրամաբանության մեջ, կարծում ենք, որ պետք է առաջադրել անպայման վարչապետի թեկնածու, ներկայացնել երկրի զարգացման բոլոր ուղղություններով գործող իշխանության մոտեցումներից տարբերվող ծրագրեր և տեսլականներ, ինչը մենք արդեն արել էինք մեր նախընտրական ծրագրերի ժամանակ: Հիմա այդ ամենը պետք է զարգացնել և ավելի նյութեղեն տեսքի բերել և մատուցել հասարակությանը:Եվ այս ամենը ինչո՞վ համեմել․ զուտ սրա քննարկումներն են հիմա գնում»:
Հարցին, թե հնարավոր է, որ «համեմեն» նաև փողոցային պայքարով, Գորգիսյանը պատասխանեց․ - «Պետք չէ համեմել մի բանով, որը վստահ չենք, որ կտանի հաղթանակի»:
Ի դեպ, Գեւորգ Գորգիսյանի փոխանցմամբ, իրենց կուսակցությունում տեղյակ չեն եղել, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները հավաք և երթ անցկացնելու իրազեկումներ են ներկայացրել քաղաքապետարան․ - «Քանի որ «Քաղաքացիական պայմանագիրն» է ներկայացրել փողոցային պայքարի ճանապարհային քարտեզը, որը հիմա քննարկում ենք և մեր տարբեր մոտեցումներն ենք հայտնում, կարծում եմ, ինչ-որ չափով տրամաբանական է հիմիկվանից նաև պատրաստել, որ եթե դաշինքը որոշի նման գործողություն, հետո փաստի առաջ չկանգնեն, որովհետև արդեն զբացված են, կամ Հանրապետական արդեն այդ օրերին որոշել է ծաղիկներ բաժանել կազմակերպել այդտեղ, կամ նման բաներ»: